Սփյուռքյան կառույցները՝  համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիրներ

ՀԲԸՄ  Փարիզի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնի «Ահազանգ» թատերախմբի ղեկավար Մկրտիչ Բասմաջյանը և Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց»-ի անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի հայոց լեզվի ուսուցչուհի Ելենա Սրաբոնյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոսում են ոչ միայն իրենց ծավալած գործունեության, այլև Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության մասին:

«Մայրենիի պաշտպան» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ՀԲԸՄ  Փարիզի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնի «Ահազանգ» թատերախմբի ղեկավար Մկրտիչ Բասմաջյանի աշխատանքները՝ թատերական ստեղծագործություններն ու մանկավարժական ծրագրերը:

Մկրտիչ Բասմաջյանն  ասաց, որ մեծ սիրով է ցանկացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ իրեն մեկ անգամ ևս Հայրենիք գալու հրաշալի առիթ է ընձեռնվել:

Խոսելով թատերախմբի ծավալած գործունեության մասին՝ նա ասաց, որ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ 1986թ. Մհեր Մկրտչյանը Փարիզում էր գտնվում՝ «Պաղդասար ախպար» թատերախաղը բեմադրելու նպատակով: Հրաժեշտի ժամանակ սեղանի շուրջ մեծանուն դերասանը նրանց խորհուրդ է տվել թատերական խմբակ բացել՝ առօրյա, կենցաղային թեմաների ու համայնքում տեղի ունեցող իրադարձությունների հիման վրա ներկայացումներ բեմադրելով:

 Թատերախմբի կազմում Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից և Թուրքիայից եկած հայ դերասաններ ևս ընդգրկված են: Ստեղծման պահից ձևավորված դերասանական հիմնական «կորիզը» մինչև այժմ պահպանվում է:

Մկրտիչ Բասմաջյանը տեղեկացրեց նաև, որ «Ահազանգ»-ի ներկայացումները բացառապես արևմտահայերենով են կայանում: Բեմադրված առավել հայտնի ներկայացումներն են Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Մուշեղ Իշխանի  «Մեռնիլը որքան դժվար է»,  Երվանդ Օտյանի «Թիվ 17 Խաֆիեն», Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները և այլն:

Բաթումիի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանցի» անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում  արժանացել է  1-ին կարգի մրցանակի, որը ստացավ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ելենա Սրաբոնյանը:

Ուսուցչուհին իր խոսքում ասաց, որ իրենց համար, իսկապես, կարևոր է Սփյուռքի նախարարության կողմից այսպիսի  մրցանակ ստանալը:

Նա տեղեկացրեց, որ կենտրոնի շենքը ձեռք է բերվել 2015 թվականին՝ ՀՀ կառավարության, ի մասնավորի՝  Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են «Ջինիշյան» հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով: Այն  գործում է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից:

Ելենա Սրաբոնյանը նաև ընդգծեց, որ կենտրոնի գործունեության նպատակը Բաթումիում ապրող երեխաների ազգային ինքնությանն ու Մայրենիի պահպանմանը, ինչպես նաև հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացմանը նպաստելն է:

Գևորգ Չիչյան

Scroll Up