Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայի Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում, «Ուրարտու» հայ-չեխական միության կազմակերպմամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական հուշ-միջոցառում:

Միջոցառման սկզբում մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Յիհլավայի խաչքարին։ Այնուհետև Սուրբ Հոգի եկեղեցում ելույթներով հանդես եկան «Ուրարտու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վավերագրող լուսանկարներ։

Ապրիլի 23-ին Չեխիայի երկրորդ խոշորագույն քաղաք Բռնոյի «Ապակե մարգագետիններ» ակումբում Մասարիկի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Չեխական գրականության ամբիոնի դասախոս Վլաստիմիլ Չեխը և մի շարք ուսանողներ կազմակերպել էին ռումինահայ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» և չեխ գիտնական Միխալ Ռոուտիլի «Քրիստոնյաների արհավիրքը» գրքերից հատվածների ընթերցում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վլաստիմիլ Չեխը և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ դեսպանը նշեց, որ վերջին շրջանում, հատկապես Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համատեքստում, այդ թեման դարձել է պահանջված։

Ապրիլի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ծաղիկներ զետեղեցին հռչակավոր գրող Ֆրանց Վերֆելի տան հուշատախտակի, այնուհետև՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխխոսնակների, մի շարք խորհրդարանականների և պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների, քաղացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ հայերի հետ միասին, Պրահայի հայկական խաչքարի մոտ։ Ներկաների թվում էր նաև Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի հեղինակ Ռոբին Բյոհնիշը։

Շնորհակալություն հայտնելով բարեկամ չեխ ժողովրդին, ով մեկ տարի առաջ ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ Հայաստանի դեսպանը երախտագիտության խոսքեր հղեց նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, չեխահայերին և այլ չեխ բարեկամներին, ովքեր իրենց դերակատարումն ունեցան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Այնուհետև Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ, գլխավոր դիրիժոր՝ դոկտոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հնչեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆորեի «Ռեքվիեմը»։

Scroll Up