Պերմի հայկական համայնքը հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար երեք մրցանակ է ստացել

ՌԴ Պերմի երկրամասի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցն արդեն տասնվեց տարի է՝ ռուսաստանաբնակ երիտասարդների համար հայապահպանության յուրահատուկ կենտրոն է դարձել: Բանիմաց ու հայրենասեր ուսուցիչների շնորհիվ համայնքում միշտ թևածում է հայի ոգին, հայկական երգն ու պարը, երիտասարդ սերնդի մեջ սերմանվում են ազգային արժեքներն ու Մայրենին անաղարտ պահպանելու անհրաժեշտությունը:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ջանք գործադրում են՝ համայնքը կենսունակ պահելու և զարգացնելու համար: Տարաբնույթ մշակութային միջոցառումներ են կազմակերպում, ազգային, եկեղեցական և պետական տոները նշում, կրթօջախ այցելող շուրջ 300 աշակերտների համար հայկական պատմական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպում:

Ձևավորված ավանդույթներից է հայկական պարախմբի՝ մայիս ամսին Պերմի Գորկու անվան հրապարակում ֆլեշ-մոբի անցկացումը, որի նպատակը անցորդներին հայկական մշակույթին ծանոթացնելն է:

Ժասմենա Հայրապետյանը Հայաստանում էր գտնվում՝ մասնակցելու Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն», «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթում,  իբրև հաղթողների ներկայացուցիչ, ստացավ մրցանակները:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հետաքրքիր և բովանդակալից ծրագրերի իրականացման համար՝ Ժասմենա Հայրապետյանը նշեց, որ արդեն 10 տարի է՝ նախարարության ստեղծման առաջին ամիսներից նախարարության հետ արդյունավետ համագործակցության մեջ են գտնվում և մասնակցում բոլոր նախաձեռնություններին:

«Սփյուռքի նախարարության աշխատակազմը միշտ բարձր է գնահատել մեր աշխատանքը և միշտ մեր կողքին գտնվել: Համոզված եմ՝ հետագայում նույնպես կշարունակենք համագործակցությունը, քանի որ դպրոցի գործունեությունն ու ուսուցչուհիների գործելաոճն ավելի է ակտիվացել»,-զրույցն ավարտեց դպրոցի տնօրենը:

Գևորգ Չիչյան

Scroll Up