Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը: Արարողության մեկնարկին Արգենտինայի հայկական հաստատությունների նախագահ Խաչիկ Տեր Ղուկասյանի կողմից ընթերցվեց Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձը, որից հետո ելույթով հանդես եկավ Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ Արգենտինյան Հանրապետությունը, 2007թ. օրենքի ուժով ճանաչելով Հայոց cեղասպանությունը, ուղերձ է հղել համայն աշխարհին առ այն, որ անթույլատրելի է համարում մարդու կողմից մեկ այլ մարդու սպանությունը, ոչնչացումը և դաժան վերաբերմունքը, որոնք չեն կարող տեղ գտնել քաղաքակիրթ աշխարհում:

Արարողությանը ներկա էին Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, սենատոր Միրիան Բոյաջյանը, Արգենտինայի Հայկական հաստատությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, կրոնական համայնքների ղեկավարներ:

Հայող ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսման կարգ մատուցվեց Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի կողմից: Երեկոյան մեկնարկեց Եղեռնի զոհերի հիշատակման բազմամարդ երթը:

Scroll Up