23000-րդ «Ալիք»-ը…

Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրվա թվագրված համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…

Այլ խոսքով` իրանահայ հինավուրց գաղթօջախի ամենաերկարակյաց ու անընդմեջ հրատարակվող թերթը, ահա, թևակոխել է իր կենսագրության 88-րդ հանգրվան:

Կենսագրություն, որի ակունքներում իրենց ամենանվիրական գաղափարների դրոշմն են դրել նույն ինքը՝ առաջնեկ խմբագրապետ, նույն գաղափարների ռահվիրա Քրիստափոր Միքայելյանի դստերորդի` Հովսեփ Թադեոսյանը, որի անվարան հետնորդներն են եղել Եփրեմյան ոդիսականով կոփված Էլմարները (Հովսեփ Հովհաննիսյան), Սովետական Միության սիբիրյան աքսորավայրեր ճաշակած Բաղդիկ Մինասյանները ու դեռ սրանց արժանի հաջորդներ` խոնարհ, բայց և խիզախ մտքի ու գրչի առկայծող անհատականությունների մի հուժկու փաղանգ, հանձինս` Անդրե Ամուրյանների, Հրայր Խալաթյանների ու Խաժակ Տեր-Գրիգորյանների…

23000-ների գերակշիռ տոկոսը, սակայն, հրապարակ է իջել Հայաստանի այսպես ասած` 2-րդ հանրապետության` Սովետական կարգերի ժամանակներից, երբ «Ալիք»-ը վեց տասնամյակ ալեկոծվել է հնարավոր ու անհնար տեղատվություններով ու մակընթացումներով` հետագայում խաղաղ ափերի հորիզոններին մշտապես ուրվագծելով փայփայած Հայաստանի  անկախության վերականգնումը, որն բռնադատված էր մնացել ամբողջ 70 տարի:

Ահավասիկ, շուրջ 28 տարի է, ինչ նույն «Ալիք»-ը բովանդակ հայության համազգային ու համահայկական տեսլականին կառչելով, ինչպես դրան նախորդող 68 տարիներին, գուրգուրում ու նեցուկ է կանգնում անկախ Հայաստանի, թեկուզ տատասկոտ, բայց և կայուն զարգացման ճանապարհին…, որի երկայնքում քիչ չեն եղել ծանրակշիռ գին վճարելու ըստ ամենայնի բնականոն իրողությունները:

Գին` Արցախյան ազատագրական պայքարի ու մինչ օրս շարունակվող պատերազմական իրավիճակներում,

գին` Հայաստանի սոցիալ-տնտեսական անարդարության ու դրանից բխող ձախորդ պայմաններում,

գին` ՀՀ սահմանադրական բարեփոխումների հիմքում ընկած համակարգային-անցումային փոփոխությունների ճամփին, որոնք երբևէ հարթ և հեշտ ձեռք բերելը իրատեսական չի կարող լինել, որովհետև կա օրինաչափ այն հասկացությունը, որի համաձայն` անկախության նվաճումից առավել դժվարն ու առավել գին պահանջողը՝ նույն անկախության  պահպանումն է…:

Ու վերջապես, մեր այս 23000-րդ խորհուրդ-գաղափարով գալիս ենք վերահաստատելու ազատ ու անկախ Հայաստանի և մեկ խոսքով` Հայոց պետականության պահպանման ու ամրապնդման ճամփին նորանոր գին վճարելու մեր անխախտ հավատամքը, որի 100-ամյա դարակերտ հանգրվանին ենք հասել ազգովի:

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Scroll Up