Առաջին անգամ ուկրաիներեն լույս է տեսել Սարդարապատի ճակատամարտի մասին պատմական ակնարկ

Վերջերս Ուրաինայի գրողների տանը կայացել է ուկրաինացի ճանաչված գրող, Ուկրաինայի վաստակավոր լրագրող Գրիգորի Կրիմչուկի «Ճանապարհորդություն դեպի տարիներ» գրքի շնորհանդեսը, որը պարունակում է հեղինակի կեսդարյա գործունեությանը վերաբերող նյութեր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սամվել Ազիզյանը, գրքի գլուխներից մեկը նվիրված է հայկական թեմային և ներառում է «Հայաստանի հավատարիմ ասպետը» վերնագրով պատմական ակնարկ՝ նվիրված հայ ազգային հերոս, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, «Մահապարտներ» գնդի շտաբս-կապիտան Տաճատ Հովակիմյանին: «Մահապարտներ» գունդը կարևոր դերակատարություն է ունեցել Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում, որի 100-ամյակը աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը նշելու են մայիսին:

«Հայաստանի հավատարիմ ասպետը» պատմական ակնարկը հիմնված է արխիվային եզակի նյութերի և լուսանկարների վրա, որոնք տրամադրել է հերոսի ազգական, ուկրաինացի ճանաչված հասարակական գործիչ, բարերար Երվանդ Դանիելյանը:

Գրիգորի Կրիմչուկի գրքում հայկական թեմայի առկայությունը պատահական չէ, 2009 թվականից նա Կիևի հայագիտական հանձնաժողովի անդամ է, ակտիվ մասնակցություն է ունենում հայկական մշակութային ձեռնարկներին, արժանացել է «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես«-ի պատվոգրի:

Գրքի քննարկմանը մասնակցել է ուկրաինացի գրող և թարգմանիչ, հայագետ, Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղար Ալեքսանդր Բոժկոն, որը բարձր է գնահատել Գրիգորի Կրիմչուկի պատմական ակնարկները:

Գրքի շնորհանդեսը կայացել է մշակութային միջոցառումների շրջանակներում, որը կազմակերպել էր Ուկրաինայի մշակույթի նախարարությունը, «Ուկրաինայի ազգային համայնքների խորհուրդ» և «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես» (ղեկավար՝ Ուրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյան) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Շնորհանդեսին մասնակցել են նաև ուկրաինացի ճանաչված գրողներ, ազգային համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, թարգմանիչներ, մտավորականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Scroll Up