Հերոս նախնիների արժանի հետնորդները

Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում ենք: Մարտական հերթապահության պահանջներին համապատասխան` զինծառայողները կատարում են Արցախի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված իրենց ծառայողական պարտականությունները:

Ինչպես պարզվեց տղաների հետ ունեցած զրույցից, իրենց պաշտպանության տակ գտնվող դիրքերի ուղղությամբ հակառակորդը հատուկենտ կրակոցներ է արձակել, ինչը, սակայն, առիթ չի հանդիսանում դիրքապահների համար թուլացնելու զգոնությունը:

Ուղիղ երկու տարի առաջ` ապրիլյան առճակատման օրերին հակառակորդի հիմնական հարվածային ուղղություններից մեկն էլ հենց այս շրջանն էր ընդգրկում: Ծավալված արյունահեղ մարտերում ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ` հանդես բերելով հերոսության անկրկնելի օրինակներ: Ճիշտ է, այդ օրերի դիրքապահներն այսօր արդեն զորացրվել են պահեստազոր, սակայն նրանց հերոսական արարքներն ու սխրագործությունների մասին պատմող դրվագները հասել են նաև իրենց, ինչը տղաների համար դիրքապահի պարտականություններն ավելի մեծ պատասխանատվությամբ կատարելու պարտավորվածություն է ձևավորել:

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամ Հարությունյանը շուրջ 14 ամիս է, ինչ ծառայում է Պաշտպանության բանակում: Համամիտ է, որ մարտական հերթապահություն կազմակերպելը բարդ ու պատասխանատու խնդիր է, որի ընթացքում պետք է հաշվի առնել բոլոր մանրամասները: «Այս գործում մանրուքներ չկան` թե դիրքեր բարձրանալիս, թե հանգիստը կազմակերպելիս, նույնիսկ` բնական կարիքները հոգալիս: Որպես մարտական հերթապահություն կրող ջոկի և յուրաքանչյուրի պատասխանատու, պետք է հետևես, որ ամեն ինչ կատարվի ճիշտ ժամանակին ու հայտարարված գրաֆիկի համաձայն: Թերացումներն այստեղ տեղ չունեն և չպետք է ունենան»,- ասում է կրտսեր սերժանտ Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, դիրքի ավագի համոզմամբ, սահմանում կանգնած զինվորի հիմնական խնդիրները զգոնությունն ու պատասխանատվությունն են: «Եթե այս երկու հարցերը լուծված են, ուրեմն կարող են ասել` խնդիրներ չկան: Մենք գիտակցում ենք, որ մեր զգոնությունից ու մեր ծառայողական պարտականությունների կատարման որակից է կախված և՛ մեր ընտանիքի, և՛ ողջ ժողովրդի անվտանգ գոյությունը: Իսկ այն հանգամանքը, որ ուղիղ երկու տարի առաջ հենց մեր կանգնած դիրքերում մեր ավագ ընկերներն անգամ իրենց կյանքի գնով պահպանել են հող հայրենին, յուրաքանչյուրիս մեջ լրացուցիչ պարտավորվածություն ու եռանդ է ձևավորում ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել հայրենիքի պաշտպանի պարտականությունները»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամ Հարությունյանը` կոչ անելով բոլոր զինծառայողներին, երդմանը հավատարիմ, պատվով կատարել հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունը:

Հենակետի երիտասարդ պատասխանատու, լեյտենանտ Սևակ Բազունցը վստահեցնում է, որ հայրենասիրական այսպիսի մտածելակերպ և ծառայության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ունեն իր ենթակայության տակ գտնվող դիրքերի բոլոր զինծառայողները, ինչը ամենօրյա պարապմունքների, հոգատար վերաբերմունքի և քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Ականատեսն ենք դառնում նաև ստորաբաժանման հրամանատար, մայոր Արթուր Գրիգորյանի մարտական դիրքերում կատարած հերթական շրջայցին: Վերջինս ամենայն պատասխանատվությամբ գիտակցելով իրեն առաջադրված խնդիրների լրջությունն ու կարևորությունը` ամեն ինչ անում է` զինծառայողների  մասնագիտական պատրաստվածությունն ու մարտական ոգին բարձրացնելու համար: Ապրիլյան մարտական գործողությունները անհրաժեշտ հետևություններ կատարելու լրացուցիչ ազդակներ են հաղորդել, և այժմ մարտական հերթապահությունը կազմակերպվում է նաև այդ ամենի հաշվառմամբ:

«Իմ ենթակայության տակ գտնվող մարտական դիրքերում իրավիճակը հանգիստ է, կայուն, մեր դիրքապահները օր ու գիշեր հսկում են սահմանի խաղաղությունն ու անդորրը և այն պահպանելու համար պատրաստ են իրենց առջև ծագած ցանկացած խնդիր ժամանակին և ճիշտ լուծելու: Դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմաններն առկա են: Նախ` ենթակա-հրամանատար հարաբերություններում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ զինվորները հստակորեն գիտեն` սպաներն իրենց ավագ ընկերներն են և ցանկացած հարցում կարող են հույսները մեզ վրա դնել, առանց քաշվելու դիմել մեզ: Մենք էլ փորձում ենք ծառայությունը կազմակերպել` խստորեն պահպանելով արդարության և հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն անտեսված չզգա:

Ապրիլյան մարտական գործողություններն իրենց նշանակալի  հետքն են թողել դիրքապահի պարտականությունների կատարման վրա: Այդ օրերից շատ բան է փոխվել, լրակահավորվել են բոլոր խրամատները, զինվել ենք արդիական տեխնիկայով, տեսադիտարկման համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած եղանակային պայմաններում հետևել հակառակորդի շարժին: Մյուս կողմից, զինվորներն ու սպաները ձեռք են բերել փորձ և ավելի մեծ պատասխանատվություն` իրենց ընկերների գործը շարունակելու համար, ինչը ավելի մարտունակ է դարձրել մեր ստորաբաժանումը»,- մեզ հետ զրույցում ասաց մայոր Արթուր Գրիգորյանը:

Այո, արյամբ գծված Արցախի Հանրապետության սահմանին այսօր կանգնած են ազատ ու անկախ հայրենիքում ծնված մեր երիտասարդները, ովքեր, հավատարիմ մեր ավագների, ապրիլյան առճակատման օրերին հերոսացած տղաների ավանդույթներին ու թողած ժառանգությանը, պատրաստ են ցանկացած պահի արժանի հակահարված տալ հակառակորդին և անխախտ պահել հայրենիքի սահմանները:

Հրայր Փաշայան

artsakhpress.am

 

Scroll Up