«Բազմադարյա Հայաստանի պետական ուղին». Մերձմոսկվայում մեկնարկեց հայկական պետականության հոբելյանին նվիրված ծրագիրը

2018 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքի «Սատուրն» մշակույթի պալատում  տեղի ունեցավ «Բազմադարյա Հայաստանի պետական ուղին» շարքի առաջին միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Հանդիսավոր երեկոն համատեղ կազմակերպել էին Ռամենսկոյեի շրջանի վարչակազմը, տեղի «Նաիրի» ընկերությունը և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումները համակարգող Մոսկովյան հանձնաժողովի գործունեության շրջանակում:

Երեկոն վարում էր «Սատուրն» մշակույթի պալատի տնօրեն Վիկտոր Ստրելնիկովը, ով առաջինը բեմ հրավիրեց Ռամենսկոյեի շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կուլակովին:

Շրջանի ղեկավարը ընդգծեց բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովրդի համար այս հոբելյանական իրադարձության նշանակալի բնույթը, ինչպես նաև նշեց մեր ժողովուրդների հաղթական մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտում: Համատեղ պատմության լավագույն ավանդույթները շարունակություն և դրսևորում ունեն Մոսկվայի մարզում և մասնավորաբար Ռամենսկոյեի շրջանում, ուր մեկ տարվա ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպության հետ համագործակցաբար արդեն երրորդ խոշոր միջոցառումն է անցկացվում:

Ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Մոսկվայի մարզային Դումայի փոխխոսնակ Իգոր Չիստյուխինը:  Ռուսաստանյան խորհրդարանականը ընդգծեց Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, ինչպես նաև բարձր գնահատեց հայերի ներդրումը Մոսկվայի մարզի կյանքի տարբեր ոլորտներում: Նա հավաստեց ազգամիջյան և միջմշակութային երկխոսության ծրագրերի իրականացման հարցում մարզային խորհրդարանի աջակցության պատրաստակամությունը:

Ռամենսկոյեի «Նաիրի» ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանը հիշատակեց 2018 թվականին նշվող հայոց պատմության հոբելյանները` ներառյալ նաև Երևան քաղաքի 2800–ամյակը, որը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է համարվում: Նրա խոսքերով, Ռամենսկոյեի շրանում զգալի քանակությամբ հայեր են ապրում, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են տեղի հասարակական և մշակութային կյանքում և արդեն մի քանի ամիս է, ինչ միավորվել են «Նաիրի» ընկերության շրջանակներում:

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը իր ելույթում ընդգծեց, որ հարյուր տարի առաջ, դարեր անց պատմական Հայաստանի տարածքի մի մասի վրա վերականգնվեց ինքնուրույն հայկական պետությունը: Դա տեղի ունեցավ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Ռուսական երկու հեղափոխությունների արդյունքում ծնված քաոսը և անիշխանությունը նպաստեցին Կովկասյան ճակատի փլուզմանը և իբրև դրա հետևանք դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքին, ինչը հայերին, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում նոր ցեղասպանությամբ էր սպառնում:

Հռչակված լինելով թուրքական բանակի հետ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական մարտերի արդյունքում, նոր պետությունը կարողացավ պաշտպանել հայ ժողովրդի կյանքի և ազատության իրավունքը, ազգային պատականության հիմքերը դնել: ԴԻԱԼՈԳԻ նախագահը ընդգծեց Հայաստանի Հանրապետության ստեղծման նշանակությունը հայկական պետականության շարունակականության ապահովման գործում և ուշադրություն հարվիրեց «առաջին», «երկրորդ» և «երրորդ» հանրապետությունների ժառանգականության գծին:

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կանգ առավ հայոց պատմության հրատապ հարցերի և տարբեր պատմական փուլերում հայ-ռուսական հարաբերությունների ու ներկա ժամանակների համար դրանց դասերի վրա: 1991 թվականից Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունները զարգացնում են իբրև անկախ պետություններ: Հայաստանի Հանրապետությունը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի նախաձեռնած այնպիսի ինտեգրացիոն նախագծերի հետևողական մասնակիցն է, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն: Նախորդ տարի լրացավ «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի 20–ամյակը, որի դրույթները ներկա պայմաններում նոր ձև ու բովանդակություն են ստանում:

Միջոցառումը եզրափակվեց գեղարվեստական մասով, ուր կատարվեցին դասական և հայկական ազգային ստեղծագործություններ: Դահլիճը ջերմորեն ընդունեց տեղական «Տապան» պարային համույթի կատարումները: Իսկ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Սոնա Արշակյանը իր վարպետությամբ գերեց ներկաներին: Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտը վիրտուոզ կերպով կատարեց կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Դավիթ Մնացականյանի և Սերգեյ Ռախմանինովի հայտնի ստեղծագործությունները:

       Նշենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնած «Բազմադարյա Հայաստանի պետական ուղին» շարքի միջոցառումները տարվա տնթացքում կշարունակվեն Մեձմոսկվայի ուրիշ քաղաքներում և Մոսկվայի հայտնի դահլիճներում:

Scroll Up