Վրաստանի խորհրդարանի դիմաց կայացել է Հայոց ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի հայ համայնք»-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Վրաստանի հայ համայնք»-ից, ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի իշխանությանը՝ 1915-23թթ․ Ցեղապանության փաստը դատապարտելու կոչով։ Մինչդեռ, Վրաստանի քաղաքացիների դիմումը Խորհրդարանին և Կառավարությանը մինչ օրս մնում է անպատասխան։

1915-23թթ․ Ցեղասպանության փաստը դատապարտված է բազմաթիվ քաղաքակիրթ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ 2015թ․-ին Եվրախորհուրդը ընդունել է հերթական հատուկ բանաձև, որտեղ կոչ է անում նաև եվրոպական երկրների Խորհրդարաններին դատապարտել 1915-23թթ. ցեղասպանության փաստը։


Scroll Up