Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովին ընդառաջ

Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանին և գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանին:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ընկերակցության ու նրա մասնաճյուղերի աշխատանքը և նշեց, որ դեռևս 2009 թվականին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը դարձավ մասնագիտական քննարկումների լուրջ հարթակ: Նա վստահություն հայտնեց, որ հոկտեմբերին կայանալիք Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական չորրորդ համաժողովը  կլինի առավել կազմակերպված և արդյունավետ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձության խթանումը, մասնագիտական ցանցերի ստեղծումն ու ընդլայնումը, նրանց միջև սերտ համագործակցությունը, ինչը թույլ կտա նպաստել և՛սեփական մասնագիտական որակների զարգացմանը, և՛ Հայրենիքի բարօրությանը:

Ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը ներկայացրեց Արցախ աշխատանքային այցի արդյունքները և նշեց, որ Արցախում կայանալիք Ճարտարապետների և ճարտարագետների 4-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն համակարգելու համար հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի, Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ: «Հանդիպումների ընթացքում կարևորվեց, որ համաժողովը նոր հնարավորություն կստեղծի Արցախի քաղաքաշինության ոլորտի զարգացման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործման, փորձի փոխանակման, մասնագիտական որակների կատարելագործման համար: Այցի ընթացքում քննարկվեցին առաջիկա անելիքները: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում, այնուհետև տարբեր երկրներից պատվիրակություններն ու հյուրերը կժամանեն Արցախ, թեմատիկ նիստերը կընթանան 5 ուղղություններով»,-նշեց Գոհար Թութունջյանը:

Գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը հավելեց, որ այցի շրջանակներում եղել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանում և հանդիպել ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան, ապա այցելել նաև «Եզնիկ Մոզյան» ուսումնարան:

Հանդիպման ավարտին քննարկվեցին համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, նախանշվեցին հետագա անելիքները:

Scroll Up