Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախում ճարտարապետների համահայկական համաժողով կանցկացվի

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանին և գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանին:

Արցախի կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների ու ճարտարագետների համահայկական ընկերակցության կողմից հոկտեմբերին Արցախում անցկացվելիք «Ճարտարապետների և ճարտարագետների» համահայկական չորրորդ համաժողովի նախաձեռնությունը և հույս է հայտնել, որ այն նոր հնարավորություն կստեղծի Արցախի քաղաքաշինության ոլորտի զարգացման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործման համար: Պետնախարարը նշել է, որ վերջին տարիներին Արցախում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում, և ուրախ կլինեն, որ ճարտարապետական նախագծումների հարցերում իրենց մասնակցությունը բերեին նաև անվանի հայ ճարտարապետները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համաժողովի անցկացման և երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:

Scroll Up