Աբխազիայից վերադարձած ուսուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 12-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աբխազիայից վերադարձած ուսուցիչներ` Երևանի Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանին և Պ. Յավուրովի անվան հ. 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանին, ովքեր մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են  65 դասվար և հայոց լեզվի և գրականության 29 ուսուցիչ:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, կարևորեց երիտասարդ սերնդի ազգային նկարագրի, ինքնության պահպանության խնդիրները, ուսուցիչների վերապատրաստումը, կրթական գործի ճիշտ կազմակերպումը համայնքներում:

Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու հնարավորության համար ու հավելեց. «Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուների համատեղ աշխատանքի, Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանի և կրթության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Մինասյանի համառ ջանքերի շնորհիվ: Հայ լինելը պատվաբեր է, հայ մնալը Սփյուռքում՝ հերոսություն: Հայապահպանության դժվարին գործն իրականացվում է նաև  հայկական պետական դպրոցները պահպանելով»:

Ուսուցիչները նշեցին, որ վերապատրաստման ծրագիրը խիստ անհրաժեշտ էր, և այն շարունակական դարձնելու կարիք կա : Գործուղման ընթացքում դպրոցների քույրացման հուշագրեր ստորագրվեցին Երևանի  Պեյո  Յավորովի անվան № 131  հիմնական և  Սուխումի Հովհ. Թումանյանի անվան № 9, Երևանի Դանիել Վարուժանի անվան № 89 և Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան № 3 դպրոցների միջև:

Անդրադարձ կատարվեց դպրոցական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների շարունակական վերապատրաստման հարցերին:

Scroll Up