Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 11-ին  Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Էրբիլի թաղական խորհրդի  և Հայ մշակութային ընկերակցության ատենապետ Հակոբ Սիմոնյանը, Մոսուլի թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կուլուզյանը, Զախոյի թաղական խորհրդի ատենապետ Իշխան Սարգիսը, Հավրեզք գյուղի թաղական խորհրդի ատենապետ Խաչիկ Սաֆարյանը, Քիրքուկ և  Դհոկ քաղաքների ատենապետեր   Մասիս Սարգիսյանը և Վարդգես Սարգիսյանը, Ավզրուկ գյուղի ատենապետ Բահրամ Բագոյանը:

 Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, ակտիվ մասնակցությունը սահմանապահ գյուղերին աջակցելու ծրագրին, նախանձախնդիր վերաբերմունքը կրթական, համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համայնքը դժվարություններ հաղթահարելով, այնուամենայնիվ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, միասնական ու համախմբված է: Հպարտություն եմ զգում ձեզ տեսնելով: Շնորհակալ եմ, որ սահմանամերձ Խաչիկ գյուղի հետ բարեկամություն եք սկսել, աջակցում եք ծառատունկի և ջրի զտման աշխատանքներին»:

Անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն ակտիվացնելու հեռանկարներին:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, ներկայացրին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Scroll Up