Հիշատակի միջոցառում Բաթումում` նվիրված ապրիլյան գործողությունների երկրորդ տարելիցին

Ապրիլի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված հայ մարտիկների: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հիշատակի խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, «Մեր տունը Վրաստանն է» ՀԿ նախագահ Սահակ Տալիթյանը, Վրաստանի Հայ օգնության միության Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, նշեց, որ երկու տարի առաջ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային ի պատասխան հայ մարտիկները, Հայրենիքին անմնացորդ նվիրվածություն ցուցաբերելով, դիմագրավեցին հակառակորդի գործողություններին. ապրիլյան այդ չորս օրերի ընթացքում կրկին դրսևորվեց հայ ժողովրդի անկոտրուն կամքը և համախմբվածությունը` հանուն Հայրենիքի պաշտպանության:

Միջոցառմանը հաջորդեց ծաղկեդրման արարողություն ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների կողմից:

Scroll Up