Սուրբ Զատիկի տոնը՝ Տոլյատիի «Հայորդաց տուն» կենտրոնում

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա…

Համո Սահյան

Համո Սահյանի այս հայրենահամ տողերն իրոք որ համահունչ են ապրիլյան այս օրվան, քանի որ այս տարվա ապրիլը սկսվել է եղանակային քմահաճ անակնկալով: Տեղացող առատ ձյունն ու սրընթաց քամին անկոչ «այցելուներն» էին գարնանային այս տոնական օրվա. այս տարի ձմեռը համառում է հեռանալ … Մեզ` մեր հարավային տոթ արևի ջերմությամբ սնված հայորդիներիս համար` ոչ այնքան հաճելի անակնկալ: Մեր արևաբույր հայրենիքում արդեն բուրում են ծաղկած ծիրանենիները, և աչք է շոյում թավիշ կանաչը: Բայց ոչինչ. մենք ` սերունդներս Հայկա զարմի, կարող ենք ամեն տեղ հոգևոր գարուն սփռել մեր շուրջը, ջերմացնել մարդկանց մեր տաղանդով, մեր հոգու աստվածատուր պարգևներով: Չէ՞ որ մեր հայրենիքը կոչվում է «մեծ տաղանդների փոքրիկ երկիր». և եթե այս աշխարհը համեմատելու լինենք մի անծայր օվկիանոսի հետ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ սփյուռքի գաղթօջախներն այդ օվկիանոսում փոքրիկ  կղզիներ են` ազգային և հոգևոր-ազգային արժեքների պահպանման համար: Եվ այդ կղզյակների հիմքն, անշուշտ, ազգային դպրոցն է:

Եվ փառք Աստծո, որ մեզ մոտ` Տոլյատի քաղաքում կառուցվեց մեր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի ներքո ակտիվ գործում է մեր ազգային դպրոցը. այո´, փառք Աստծո, որ  ի հեճուկս ճակատագրի անսիրտ խարդավանքների` հայ մանուկը հաճախում է հայկական դպրոց, սովորում իր մեսրոպատառ այբուբենը, աղոթում իր մայրենի լեզվով, երգում  է հայոց ազգային երգերը, սիրում, պահպանում և երկյուղածությամբ գուրգուրում իր մայրենին…

   2018թ. ապրիլի մեկին Տոլյատի քաղաքի «Հայորդյաց տուն» դաստիարակչական կենտրոնում Հոգևոր Հովիվ Տեր Կիրակոս քահանա Աղոսյանի օրհնությամբ անցկացվեց տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Տեր Կիրակոսը,ծնողները, ուսուցիչները, հյուրեր Տոլյատի և Սամարա քաղաքներից: Մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները` առանց տարիքային սահմանափակման:

Եվ երբ եկեղեցու խնկաբույր սրահում ավարտվեց Քրիստոսի Հարության տոնին նվիրված պատարագը , վարժարանի դասասենյակներում սկսվեց տոնական եռուզեռ : Զատկի սեղանն աչք էր շոյում հայկական կերակրատեսակների բազազանությամբ, ամենուր ժպիտ էր, ծիծաղ, ծաղիկներ: Հուզված էին մեր ուսուցիչները. ամեն օր չէ, որ դպրոցի հյուրընկալ հարկի տակ այսքան մարդ է  հավաքվում: Ուսուցչուհիներ Սուսաննա Վարդանյանը, Գայանե Եդոյանը և Անահիտ Թադևոսյանը ամեն ինչ արել էին` միջոցառումը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:

Միջոցառումն ուներ համակցված բնույթ. այն  նվիրված էր Բարեկանդանի տոնին, Զատկին և Ավետման տոնին: Ելներով դրանից` աշակերտների խոսքը նույնպես բովանդակալից էր և բազմազան: Միջոցառումը սկսվեց  Տերունական աղոթքով, որից հետո աշակերտները ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի բեմականացումը: Ուշիմ և հրաչյա մեր բալիկների խաղն իսկական հիացմունքի պոռթկում առաջ բերեց լսարանի մեջ` վարակելով մեզ լիաթոք ծիծաղով և տոնական ուրախ տրամադրությամբ: Փոքրիկ արտիստները` Էլինան, Արտյուշը, Տիգրանը և Դայանան, ուղղակի գերում էին իրենց դերասանական վարպետությամբ:

Ի դեպ, հեքիաթը երեխային դաստիարակելու լավագույն միջոցներից է. հեքիաթական աշխարհը իր թևերի մեջ է առնում մանուկի հոգին, թռցնում դեպի տիեզերական բարձունքներ: Հեքիաթը զարգացնում է երեխայի երևակայությունը, սովորեցնում զանազանել բարին ու չարը: Ազգային հեքիաթի  մեջ խտացված են ժողովրդի կուռ մտածելակերպը, նրա ազգային դիմագիծը և փափագը:

«Բարեկենդանը» հեքիաթի բեմականացումից  հետո ելույթ ունեցավ առաջավորաց խումբը. մեր մանուկների թոթով շուրթերով գովերգվեց Հարության տոնը, փառաբանվեց Հիսուս Քրիստոսը` հայ ժողովրդին մեծագույն բարեկամն ու մանուկների սիրելին, խոսվեց զատկական կերակուրների մասին, ներկայացվեցին որոշ պատմական փաստեր:

Միջոցառման երրորդ մասը նվիրված էր Ավետմանը, ինչպես նաև Մայրության  տոնին: Հայ մանուկներն իրենց սրտերից բխեցրին հայ բանաստեղծության չքնաղ գոհարները, գովերգեցին մորը, մայր լեզուն և մայր հայրենիքը:

Սիրելի մայրերին տոնական անակնկալ էր սպասվում. հյուր էր եկել Գաբրիել հրեշտակն իր օգնականների հետ և ծաղիկներ էր բերել մայրերին: Չէ՞ որ ավելի քան երկու հազար տարի առաջ այդ նույն Գաբրիելը, այցելելով Մարիամ կույսին և հաղորդելով Փրկչի ծնվելու ավետիսը, բրաբիոն ծաղիկ նվիրեց Մարիամին: Գեղեցիկ ավանդույթները պետք է պահպանել…

Փոքրիկ Քրիստինան և Մաթեոն, հրեշտակի հանդերձներ հագած, ձեռք ձեռքի տված արտասանում էին.«Սիրում եմ քեզ, հայո´ց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու»:

Եվ քանի որ հայ գրականությունն անհնար է պատկերացնել առանց Գրիգոր Նարեկացու, իսկ հայոց տաճարներում անհնար է չհնչեցնել Նարեկացու սրտաբուխ մրմունջը, և քանի որ Գրիգոր Նարեկացին հայ գրականության մեջ առաջինն է գովերգել կնոջ գեղեցկությունը և մոր կերպարը, ապա երեկոն կատարյալ չէր լինի առանց նարեկաշունչ ասմունքի: Քանզի մայրական սիրո թեման հայ գրականության պայծառ և ղողանջուն լարերից է, և այդ լարը հնչում է սկսած դեռևս տասներորդ դարից, Վանա լճի մշտածիծաղ ջրերի մոտ երգող տիեզերական հանճարից. և ի՞նչ էր խնդրում Նարեկացին իր ամենատես երկնային Հորից, երբ գովերգում էր իր տեսիլքի չքնաղ աստվածային մորը. ո՞վ գիտե: Ուստի հավաքույթի վերջում հնչեց Նարեկացու «Մեղեդի ծննդյան»  տաղը` կոմիտասյան քնքուշ մեղեդու ներքո: Վարժարանի կամարների տակ տարածվել էր Սուսաննա Վարդանյանի քաղցրահունչ ձայնը. «Չինար ես, կեռանալ մի»: Այդ նրբաշունչ մեղեդու տակ նազանքով պարում էր դպրոցի շրջանավարտ Վիկտորյան` եռագույն դրոշն ուսերին…

Ողջ միջոցառման ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր: Առհասարակ, հայրենասիրական շունչ էր թևածում սրահում:

Միջոցառումն ավարտվեց կրկին աղոթքով` նվիրված հայոց այբուբենին.«Արարիչ Բովանդակ Գոյությանց…»,-ղողանջում էր Բուլիկյան Դայանայի ասմունքը:

Մի փոքրիկ բեկոր մեր հայրենիքից. այսպես կարելի էր որակել այս գողտրիկ հավաքույթը, որն ավարտվեց մտերմիկ և բարեկամական մթնոլորտում: Տեր Կիրակոս քահանա Աղոսյանն օրհնեց զատկի սեղանը, երեխաներին բաժանվեցին գունավոր հավկիթներ, և «ընթացավ» ավանդական ձվակռիվը, որի ժամանակ մեր սաների ոգևորությունը հասավ իր գագաթնակետին, հատկապես, երբ հանկարծ որևէ մեկը «հաղթում էր»: Երեխաները գոհությամբ ճաշակեցին զատկի կերակուրները:

  Բաժանվեցինք ավելի մտերմացած, վառ ու անջնջելի տպավորություններով: Իսկապես որ` ձյունի մեջ` արև: Արև իջավ մեր հոգիներին, մեր հոգևոր հայրենիքի արևը: Դա երևի ազգային հատկանիշ է մեզ մոտ, մենք միշտ ապրում ենք պայքարով, գտնելով «ձյունի մեջ` արև», դիմադարձնելով «թրի դեմ` գրիչ», և հավատում ենք. «Թող անկարելին դառնա կարելի»: Թող դառնա, ամեն:

Իսկ մեզ` ուսուցիչներիս համար, չկա առավել մեծ ուրախություն, քան տեսնել, թե ինչպես են ռուսական միջավայրում ծնված և մեծացած մեր սաները վերադառնում իրենց արմատներին, վերագտնում իրենց ազգային ինքնությունը և սովորում հայերեն: Մեզ համար դա է լավագույն գնահատանքը, լավագույն արդյունքը:

Անահիտ Թադևոսյան

Տոլյատի քաղաքի  Սուրբ Աստվածածին եկեղեցու

«Հայորդաց տուն» կենտրոնի ուսուցչուհի

Scroll Up