ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Լիբանանի Թեքեյան մշակութային միության հիմնադիր մարմնի ատենապետին

Մարտի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի Թեքեյան մշակութային միության հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանին:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Թեքեյան մշակութային միության հայանպաստ գործունեությունը, ընդգծեց համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու անհրաժեշտությունը, հետաքրքրվեց տարբեր երկրներում գործող Թեքեյան կառույցների հավաք-հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում: Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Անհրաժեշտ է միավորել մեր ուժերը և Համահայկական Թեքեյան մշակութային միություն ստեղծել: Այն կհամախմբի թեքեյանականների ուժերը, առավել կակտիվացնի Սփյուռքը, նրա մշակութային կյանքը, ինչպես նաև դարձյալ կարժևորի մեծ գրողի անունն ու վաստակը»:

Հակոբ Գասարճյանը նշեց, որ դեռ ժամանակին այս գաղափարն առաջ է քաշել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և հույս հայտնեց, որ մայիսի 9-11-ը Երևանում կայանալիք Թեքեյան մշակութային միության համագումարում այն կյանքի կկոչվի:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների համատեղ ուժերով և աջակցությամբ Թեքեյան մշակութային միության համախմբման գաղափարն իրականություն դարձնել և աջակցություն ցուցաբերել մշակված ու մշակվող ծրագրերին:

Scroll Up