Նոր հնարավորություններ սիրիահայ երիտասարդների համար․ Մեկնարկեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը

Ս.թ․ մարտի 20-ին տրվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից նախաձեռնած «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը: Ինչպես Հայերն այսօր-ին տեղեկացնում է Լաուրա Սամվելյան Ծրագրի համակարգող «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից:

Վերջինս համախմբել էր ավելի քան յոթանասուն սիրիահայ երիտասարդների «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հարկի տակ։

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը: Ներկայացնելով ծրագրի նպատակն ու առանձնահատկությունները՝ նա նշեց, որ ծրագիրը սիրիահայ երիտասարդներին տալիս է անձի զարգացմանն ուղղված դասընթացների լայն ընտրություն. «Վերջին տարիների ընթացքում շատ ծրագրեր են իրականացվել սիրիահայ երիտասարդների համար, սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ երիտասարդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան դասընթացները, սեմինարները, կոնֆերանսներն ու միջոցառումներըղ»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրի փորձագետ Ռուբինա Դևրիկյանը և տեղեկացրեց մասնակիցներին, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ֆինանսական օգնություն հատկացնել սիրիահայ երիտասարդներին ուսման ոլորտում նրանց կարիքները հոգալու համար, ինչպես նաև կազմակերպել ուխտագնացություններ և արշավներ:

Ծրագրի ներկայացման ընթացքում հանդես եկան մի շարք սիրիահայ և օտարերկյա հրավիրյալ մասնագետներ, ինչպես նաև Մայր Աթոռի ներկայացուցիչը, ովքեր երիտասարդներին ներկայացրեցին տարբեր դասընթացների, երիտասարդական ակումբների և միջոցառումների մանրամասները:

Թվով 70-ից ավել մասնակիցները հնարավորություն ստացան քվեարկելու իրենց առավել հետաքրքրող դասընթացների և երիտասարդական ակումբների օգտին, որը հիմք ծառայեց ծրագրի հետագա գործողություններն իրականացնելու համար։ Առավել շատ քվե ստացած դասընթացներն ու ակումբներն են՝

  • Խոսակցական անգլերենի ակումբ;
  • Դասընթացներ ճարտարապետների համար (Autocat; Revit; 3DsMax; Lumion; Archicut; Photoshop);
  • Վեբ դիզայնի և ծրագրավորման ներածություն
  • Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում
  • Առաջին բուժօգնություն
  • Microsoft Office-ի խորացված դասընթացներ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած երիտասարդներին, նոր գիտելիքներ ու հմտություններ տալ նրանց՝ նպաստելով վերջիններիս զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը։ Ծրագրի նպատակներից է նաև համատեղ միջոցառումների միջոցով սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև հարաբերություններն ամրապնդելը: Չորս ամիս տևողությամբ այս ծրագիրն ընդգրկելու է նվազագույնը 80 սիրիահայ երիտասարդների, ովքեր կմասնակցեն միջոցառումներին, սեմինարներին, կոնֆերանսներին և դասընթացներին:

Այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտի 20-ին տեղի ունեցած միջոցառմանը կարող են կապ հաստատել  «ՀԱԼԷՊ» ՀԿի աշխատակիցների հետ՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեով և մասնակցել հետագա միջոցառումներին և դասընթացներին, տեղեկանալ կրթաթոշակների և այլ հնարավորությունների մասին:

Scroll Up