Հայությունը պետք է լինի մեկ ամբողջություն. Արամ Ա-ն ելույթ է ունեցել Անթիլիասում ՀՀ 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

 Ողջունելով ներկաներին՝ նա ասել է, որ տևական ժամանակ ստրկության ու հալածանքի, ցեղասպանության և աքսորի ճիրաններում տառապած հայ ժողովուրդը 1918  թվականի մայիսի 28-ին կերտել է իր նոր արշալույսը՝ ազատ ու անկախ Հայաստանը:

«Ճիշտ է, Առաջին հանրապետությունը երկար չմնաց, պայմանների բերումով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, սակայն հողի վրա ծածանեց եռագույնը, դրոշը անկախության: Ճիշտ է, անկախությանը հաջորդող տասնամյակները տառապալից եղան հայրենի մեր ժողովրդի համար, սակայն հակառակ այս դառը իրողության՝  մեր հայրենի ժողովուրդը կապված մնաց իր պապենական հողին, իր դարավոր հայրենիքին եւ մշակույթին: Երկար տասնամյակների տառապանքից հետո սկսվեց սեպտեմբերը 1991-ի, մեր ժողովուրդը դարձյալ կերտեց իր անկախությունը, եւ այսօր ունեցանք ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Արցախ:  Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ գնալ, եւ Աստված մեզ հետ եղավ: Հազար փառք մեր ժողովրդին, որ անկախություն կերտեց»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ բարձրացված հուշակոթողը անլռելի զանգակատուն է, որը վկայում է հայ ժողովրդի եւ համայն մարդկության, հայրենիքի եւ Արցախի անկախության, մեր ժողովրդի ազատության մասին:

 «Այն սիրո եւ երախտագիտության շոշափելի արտահայտություն է այն բոլոր հայորդիների նկատմամբ, որոնք  իրենց մտքով, գրչով, ծառայությամբ, արյունով անկախություն կերտեցին՝ Արցախից սկսած մինչեւ Արարատյան դաշտ: Այս հուշակոթողը, որ Անթիլիասի  մայրավանքից ներս բարձրացած գնահատանքի, սիրո եւ հարգանքի արտահայտությունն է այն բոլոր հերոսների նկատմամբ, որոնք իրենց արյունը թափեցին Հայաստանի եւ Արցախի անկախության ճանապարհի: Ձեր առջեւ շատ խորհրդավոր տեսարան  է բացվում. Անթիլիասի Մայրավանքի ներսում՝ Մայր տաճարի աջ կողմում, գտնվում է Նահատակաց հուշարձանը, որը մեզ հուշում է մեր պահանջատիրությունը շարունակել՝ հավատարիմ մնալով մեր սրբազան նահատակների նվիրական կտակին: Ձախ կողմի այս հուշակոթողը կոչ է մեր ժողովրդի զավակներին, կոչ է կառչած մնալու Հայաստանին, չհեռանալու, կառչած մնալու մեր սրբերի աղոթքով, մեր նահատակների արյունով շաղախված հայրենի հողին: Այն կոչ է՝ ուղղված Արցախի մեր սիրելի ժողովրդին՝ շարունակելու վերանորոգ կամքով եւ հավատքով պաշտպանելու մեր հողերը, մեր ինքնորոշման իրավունքը եւ մեր ժողովրդի անկախությունը: Այն հիշեցում է Սփյուռքի հայությանը՝ շարունակելու վերանորոգ նվիրումով իր մասնակցությունը բերելու Հայաստանի եւ Արցախի հզորացմանն ուղղված բոլոր աշխատանքներին: Հայաստան, Արցախ եւ Սփյուռք անբաժան երրորդություն. այս է հայությունը, այսպես պետք է լինի հայությունը՝ մեկ ամբողջություն»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը եւ հավելել, որ հուշակոթողը պետք է դառնա ազգային ուխտատեղի:

Artsakhpress.am

Scroll Up