Մեկնարկել է «Սփյուռք ամառային դպրոց 2018»-ի մասնակիցների գրանցման գործընթացը

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը,երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգի ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2018 թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով.

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 01-28),

2.Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 01-28),

3.Լրագրողների վերապատրաստում (հուլիսի 01-14),

4.Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 01-14),

5.Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 01-14):

«Սփյուռք» ամառային դպրոց 2018» ծրագրի բոլոր դասընթացները, որպես կանոն անցկացվում են հայերենով: Մասնակիցներին տրվում են հավաստագրեր, եթե նրանք կատարում են իրենց կողմից ընտրված գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երկու օրից (կամ 12 դասաժամից) ավելի անհարգելի բացակայություն:

Տեսական ու գործնական դասերից բացի, կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Բացառությամբ հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացի՝ ծրագրին կարող են մասնակցել միայն 16 տարեկանից բարձր սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառությամբ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների) կամ մշտական չեն բնակվել ՀՀ-ում վերջին 10 տարվա ընթացքում:

Որպես կանոն, «Սփյուռք» ամառային դպրոցի նախկին մասնակիցները կարող են նորից մասնակցել յուրաքանչյուր երեք տարին մեկ: Առանձին դեպքերում, ՀՀ սփյուռքի նախարարության թույլտվությամբ կարող է լինել բացառություն, սակայն մասնակիցներին իրենք պետք է հոգան իրենց գիշերակացի և սննդի ծախսերը:

Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 3-5 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. մայիսի 31-ը՝ էլեկտրոնային գրանցման տարբերակով:

Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի՝ www.dss.am«Դպրոց» բաժնի հինգ ուղղություններից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը:

Scroll Up