Նիդերլանդների ավագանու 2018թ. ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել

Մարտի 21-ի Նիդերլանդներում կայանալու է տեղական մարմինների 335 համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունները։ Թեկնածուների կազմում կան նաև մեր  հայրենակիցները: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիր»-ը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը   փոխանցել է, որ այս պահին իրենց հայտնի են  ավագանու մանդատի համար պայքարող մեկ տասնյակ հայազգի թեկնածուների  անուններ. այդ թիվը վերջնական չէ և հնարավոր է 300-ից ավելի համայնքային կառույցների ավագանու ընտրության  համար հայազգի այլ  թեկնածուներ  ունենանք:
Նիդերլանդական տարբեր կուսակցությունների կազմում Ալկմարի, Ալմելոյի, Ամերսֆորտի, Ամստելվենի. Ամստերդամի, Հաագայի, Էնկհաուզենի, Մաստրիխտի քաղաքապետարանների ավագանու կազմավորման համար իրենց թեկածությունն են առաջադրել մեր հայրենակիցներ Սեպուհ Աբրահամյանը, Տալին Արժեկյանը, Ռոբին Գելիջին, Գայանե Վարդանյանը, Մարիա Թաթարյանը, Տավրոս Ասլանյանը, Նիսան Սարիքան, Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Մերի Շաբոյանը, Ջանիկ Տանիելյանը, Դալար Լազարյանը, Սևակ Կասպարյանը:

Պետք է նկատել, որ  մեր  հայրենակիցները  տարեցտարի ավելի են  ներգրավում  Նիդերլանդների հասարակական-քաղաքական  կյանքում: Այդ ակտիվությունը դեռ աճելու միտում ունի,  քանի որ հայազգի երիտասարդները մեծ ուշադրություն են դարձնում  իրենց կրթությանը և անտարբեր չեն երկրի անցուդարձին: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հայերը նիդերլանդական քաղաքական կյանքի տարբեր  բնագավառներում  դեռևս առավել բարձր ցուցանիշներ են գրանցելու:
Scroll Up