«Հայաստանը փորձել է ամեն ինչ անել սիրիահայերին օգնելու համար».Լևոն Անտոնյան

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը  Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսել է Հայաստան եկած սիրիահայերին օգնելու մասին։

Հայաստանի կառավարությունը փորձել է ամեն ինչ անել սիրիահայ փախստականներին անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար։ Իշխանությանն այս հարցում օգնել են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս գործող տարատեսակ հասարակական կազմակերպությունները։

Անտոնյանը նշեց, որ 2017 թվականի վերջին մոտ 20 սիրիահայ ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Եվս 600 ընտանիք, սփյուռքի նախարարության տվյալով, մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին։

2017 թվականի տվյալները վկայում են, որ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել։

«Ընդհանուր առմամբ 2017 թվականին 1262 սիրիահայ է դիմել նախարարություն։ Դիմողներից 722-ը առողջության հետ կապված հարցեր ունեին։ Դրանք մեծ մասամբ լուծվել են պետպատվերի շրջանակում, իսկ որոշ դեպքերում, երբ մեծ ծախսեր էին պահանջվում (սրտի վիրահատություն, դեղերի գնում, պրոթեզներ) մենք դիմել ենք մեր գործընկերներին, բարեգործական կազմակերպություններին», —armeniasputnik.am-ի փոխանցմամբ ասել է Լևոն Անտոնյանը։

Scroll Up