Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն կօծի Դնեպրի հայկական եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 16-17-ը կայցելի Ուկրաինա եւ կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ, հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը:

Մարտի 16-ին  Գարեգին Բ-ն կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգեւորականներ։ Այս մասին հաղորդում է  analitikaua.net կայքը:

Օծումից հետո Գարեգին Երկրորդը կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին:

Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանի փոխանցմամբ՝  Գարեգին Երկրորդի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Կիեւում կառուցվող տաճարը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Scroll Up