Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել: Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները: Վարչապետը ողջունել է «The EuroMena Funds»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է «Future Group» կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Scroll Up