Բացվեց հայրենադարձ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը

Մարտի 1-ին «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց կանադահայ արվեստագետ Գեւորգ-Ջորջ Քասաբյանի «My Art Minimal» անհատական հետահայաց ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է ցուցահանդեսի համակարգող Գայանե Հովհաննիսյանը:

Հանդիսավոր բացման խոսքում հանդես եկան Գերմանիայի նախկին դեսպան՝ Հանս-Ջոսեն Շմիտդը, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ցուցահանդեսի համադրող Գայանե Հովհաննիսյանը և Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը:

Իր խոսքում Արամ Իսաբեկյանը կարևորեց նման ցուցահանդեսի բացումը Հայաստանում և ընդգծեց անհրաժեշտությունը ուսանողությանն ու ակադեմիան քայլեցնելու նաև դեպի այս արվեստը:
Հետաքրքրական էր նաև Հանս Շմիտդի խոսքը, որի ժամանակ նա մեջբերեց արվեստագետի ծննդավայր՝ Հալեպը, Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքը, որտեղից որ նա սերում է, ինչպես նաև այն ճանապարհորդությունները, որոնք թերևս հետք են թողել նրա արվեստի վրա:
Արվեստագետն իր շնորհակալական խոսքը հղեց բոլորին և անդրադարձավ իր բազմատիպ կրթությանը՝ ինժեներություն, համակարգչային ծրագրավորում և արվեստ: Նրա մեկնությամբ ցուցադրված աշխատանքների գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մետաղը սկսեց լայնորեն կիրառվել շինարարության մեջ և շուտով նա տարվեց կոնստրուկտիվիզմով և ի վերջո հանգեց մինիմալ ֆորմաների հետ նրա կոմբինացիային:

Բացմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն-ի մագիստրատուրա առաջին կուրսի արվեստաբանները, ովքեր անցկացրեցին իրենց արվեստի քննադատության դասը՝ արվեստաբան, դասախոս Իրինա Բաղդամյանի գլխավորությամբ: Եվ դրանով “Minimal art” ցուցահանդեսը իբրև կարևոր իրադարձություն մտավ ուսումնական նյութի մեջ:

Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-ից մինչև 10-ը:

Scroll Up