Իսպանական ճանաչված խաղի հաղթող Լիլիթ Մանուկյանն այցելել է Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոց

Միսլատայի հայկական դպրոցում «Արարատ» հայկական միությունն աննախադեպ հանդիպում էր կազմակերպել։ Կրթօջախի հյուրն էր իսպանական «Pasapalabra» («Անցիր բառը») հեռուստախաղի հաղթող Լիլիթ Մանուկյանը։ Տաղանդավոր հայուհին վերոնշյալ հաղորդման մոտ 100 խաղի և վերջնական պայքարի հաղթող է ճանաչվել, աչքի ընկել հրաշալի խաղով և իսպաներենի ու իսպանագիտության աննկարագրելի գիտելիքներով։ Լիլիթը նաև այս խաղի առաջին և ցայսօր միակ օտարազգի մրցակիցն ու հաղթողն է, ում մայրենին իսպաներենը չէ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, Լիլիթ Մանուկյանը նախապես իր փորձը ներկայացրեց ներկաներին, որոնց թվում էին նաև աշակերտների ծնողները և այլ հայազգի հյուրեր։ Տաղանդաշատ հայուհին մի շարք խորհուրդներ տվեց մատաղ սերնդին՝ առաջին հերթին հորդորելով լինել աշխատասեր ու նպատակասլաց՝ երազանքների իրականացման ճանապարհին։ Լիլիթ Մանուկյանն իր հիացմունքը հայտնեց հայ փոքրիկներին ու նրանց ծնողներին, ովքեր չեն զլանում և հաճախում են հայկական դպրոց՝ մայրենին ուսանելու համար։

Հյուրի խոսքին հետևեցին բազմաթիվ հարցեր, որոնց Մանուկյանը մեծ հաճույքով պատասխանեց։

Հայկական դպրոցի սաները հյուրի համար նաև հայրենասիրությամբ ոգեշնչված ասմունքներ էին պատրաստել, որով էլ եզրափակվեց այս սպասված հանդիպումը։

Scroll Up