Բուլղարիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Բուլղարիայի Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բուլղարիայից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Ռումեն Ռադևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։

Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Բուլղարիայի Նախագահը տնկեց անվանական եղևնի։ Տեղեկացնենք՝ սա թվով երրորդ եղևնին է, որ տնկում են Բուլղարիայի նախագահները։

Scroll Up