ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» 2018 թվականի ծրագիրը

Հարգելի´ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականաց­նում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:

Հայրենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը:

2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր, նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի, գրող-երգիծաբան և լրագրող Հակոբ Պարոնյանի, գրող, թարգմանիչ, հրապարակագիր ԶապելԵսայանի, դերասան, Վահրամ Փափազյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում են խտասալիկներ և այլն):

Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութեր են պատրաստվում և տեղադրվում «Հայերն այսօր» պարբերականում (http://hayernaysor.am/):

Սիրելի´ հայրենակիցներ,

Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը՝ 2018 թվականի ձեր ձեռնարկները նվիրելով նաև «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված նշանավոր անձանց՝ տարվա ընթացքում կազմակերպելով նրանց նվիրված միջոցառումներ:

Նյութերը խնդրում ենք ուղարկել panarmenianprograms@mindiaspora.am էլեկտրոնային հասցեին:

Տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3) կամ զանգահարել (+374 10) 585 601 (700), (+374 60) 500 830 հեռախոսահամարներով:

Scroll Up