Սրբոց Վարդանանց զորավարների հիշատակության օր Լիբանանում

Փետրվարի 7-ին Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Փրկիչ եկեղեցու ժողովրդապետության կողմից կազմակերպվեց Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակության օրվան նվիրված միջոցառում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը, միջոցառմանը ներկա էին Լիբանանի պետական նախարար Ժան Օղասապյանը, Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Տեր Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, հոգևորականներ, Լիբանանում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիսության ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության «Տավիղ» նվագախումբը, «Բլբուլ» և «Արծիվյան» երգչախմբերը, դուդուկահարներ Գևորգ Քեշիշյանը, Նատալի Աբոքյանը և քանոնահարուհի Մարիա Յագուպյանը։

Օրվա պատգամախոսն էր Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը։ Դեսպան Մկրտչյանն իր ելույթում վճռորոշ որակեց Վարդանանց պատերազմը հայոց պատմության և մասնավորապես՝ հայ ժողովրդի գոյատևման հարատև պայքարում, և հատկապես՝ պետականության կորստի պայմաններում: Քրիստոնեական հավատի և ինքնության պահպանման համար նահատակների հերոսացումը դարձավ ազգային ուղենիշ: Ինչպես իր խոսքում ընդգծեց դեսպանը, Ավարայրի ճակատամարտի անկոտրում ոգին և միասնականության գիտակցությունը փոխանցվեց հետագա սերունդներին, այն սերունդներին, որոնք 1918 թվականին պետք է կերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական հաղթանակները և 1988 թվականին ոտքի ելնեին հանուն Արցախի ազատագրման։

Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ այս միասնական գիտակցությունը կրկին համախմբել է հայ ժողովրդին՝ տոնելու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը և Արցախյան շարժման 30-ամյակը։

Scroll Up