Հայկական մշակույթի օր Բեյրութում

Լիբանանում ՀՀ դեսպանության և Բեյրութի Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի (ԵԿՔԱ, YWCA Beirut) համատեղ կազմակերպմամբ փետրվարի 7-ին Բեյրութի ԵԿՔԱ կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական մշակույթի օր» խորագրով միջոցառում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը, ներկայացվեցին Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) տիկնանց՝ Պատմական Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ զարդանախշերով ասեղնագործ աշխատանքները, ՀՀ վաստակավոր արվեստագետ Անատոլի Ավետյանի կտավները, «Մայրիկ» ռեստորանի կողմից պատրաստված հայկական ավանդական ուտեստները:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԵԿՔԱ նախագահ Ռոլա Էլ Խուրին և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը։ Դեսպան Մկրտչյանը կարևորեց Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու անհրաժեշտությունը, որը ծառայում է Լիբանանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և փոխհարստացմանը։ Դեսպանը ներկաներին համառոտ ներկայացրեց Հայաստանում քրիստոնեության տարածման, հայոց պատմության, հայ մշակույթի մասին դրվագներ։

Ելույթներին հաջորդեցին Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և լիբանանահայ դուդուկահար Գևորգ Քեշիշյանի կատարումները։

Scroll Up