Գրողների միությունում կայացավ Անժելա Սահակյանի «Ճշմարտության պարտադրանքով» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը

Փետրվարի 7-ին լեփ-լեցուն էր Հայաստանի գրողների միության դահլիճը։ Հավաքվել էին մտավորականներ, գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ՝ մասնակցելու սիրված հեռուստալրագրող, մտավորական, գրող, հրապարակախոս, այժմ Փարիզում բնակվող Անժելա Սահակյանի «Ճշմարտության պարտադրանքով» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Կարևորելով միջոցառումը՝ վերջինս ներկաներին ծանոթացրեց Անժելա Սահակյանի գրական աշխարհի ու գործունեության հետ, ասելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու և հանրությանը ծանոթացնելու են Սփյուռքում ապրող ու ստեղծագործող ժամանակակից գրողներին ու մտավորականներին: Իր խոսքում Հայաստանի գրողների միության նախագահը հավելեց, որ Անժելա Սահակյանի գրքերը մոտ ապագայում թարգմանվելու են նաև անգլերեն, ռուսերեն ու գերմաներեն:

Ելույթի վերջում Էդվարդ Միլիտոնյանը գրական երկարատև վաստակի ու հայանպաստ գործունեության համար Անժելա Սահակյանին պարգևատրեց Հայաստանի գրողների միության հուշամեդալով։

Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև գրականագետ Արմեն Հովհաննիսյանը, Անուշ Վարդանյանը, գրքի թուրքերենի թարգմանիչ ու խմբագիր Հակոբ Չաքրյանը, ինչպես նաև հեռուստալրագրող Ժաննա Ղոչիկյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրքի առաջաբանի ու վերջաբանի հեղինակ Արևշատ Ավագյանը: Վերջինս նշեց, որ նախորդ օրը սիրված մտավորականը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով։

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Անժելա Սահակյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ու կազմակերպիչներին, ինչպես նաև իր խոսքում կոչ ուղղեց մտավորականներին՝ զերծ մնալու բարոյական արժեքների աղավաղումից ու խեղաթյուրումից։

Անժելա Սահակյանն ավելի քան 15 տարի՝ ապրում է Փարիզում։ Ծնվել է 1952 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 

Աշխատել է Հայկական հեռուստատեսությունում, գրքերի, ֆիլմերի հեղինակ է:  Այսօր Փարիզի Փարիզի «ԱՅՊ-ՖՄ» ռադիոյի մեկնաբանն է, «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն» և «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակը և վարողը:

«Ճշմարտության պարտադրանքով» գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի դեմ իրագործված ջարդերի, բռնությունների, ինչպես նաև Արցախյան պատերազմի և առ այսօր շարունակվող ցեղասպանության մասին փաստեր։ Գրքում անժխտելի հիմնավորմամբ ներկայացված են ինչպես հեղինակային հրապարակումներ, այնպես էլ ականատեսների վկայություններ, փաստաթղթեր։

Գիրքն ընթերցողին ներկայացված է երկու խորագրով: «Բաց նամակներ՝ ուղղված աշխարհին» մասում ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն ու փաստերը»։ «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է» բաժնում անդրադարձ է կատարվել Սումգայիթի, Բաքվի ջարդերին, Արցախի ազատագրական պայքարին ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Գիրքը հրատարակվել է հայերեն, ֆրանսերեն ու թուրքերեն։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Scroll Up