Ալմելոյի քաղաքապետը ներկա է եղել «Ոսկան Երևանցի» վավերագրակաան ֆիլմի ցուցադրությանը

Նիդերլանդական Ալմելո հայաշատ  քաղաքում փետրվարի 4-ին տեղի  ունեցավ «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրության առաջնախաղը՝  հովանավորությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Ֆիլմը ներկայացրել է պրոդյուսերը՝ հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը: Ցուցադրությանն աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Նիդերլանդների ներկայացուցչությունը: Այն կազմակերպել էին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հ.Մ.Հ.Մ. Ալմելոյի կազմակերպությունը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, ցուցադրությանը ներկա են եղել  և խոսք են ասել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետ Արժեն Խերիտսենը: Վերջինս հատկապես շեշտել է այն փաստը, որ հայերեն Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Հոլանդիայում:
Ֆիլմը  հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան   Ոսկան Երեւանցու (նաեւ` Ոսկան Ջուղայեցի) մասին էր: Նա 1666թ. մարտի 11-ին  իր աշակերտների հետ Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տեւել է երկու տարուց ավելի:
Ամստերդամում հայերեն  Աստվածաշունչը լույս է տեսել 5000 օրինակ տպաքանակով:
Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:
«Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Եվրոպայի հայաշատ համայնքներում:

Լուսանկարները` Հակոբ Մուրադյանի (Նիդ. օրագիր) , Armeens Apostolische Kerk Almelo և Nver Mnatsakanyan կայք էջերից

 

Scroll Up