Ինչ որ անում եմ՝ հայի ու Հայաստանի համար եմ անում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանահայ գործարար, «Իրան-Հայաստան» բարեկամական միության նախագահ հասարակական գործիչ Լևոն Ահարոնյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Լևոն Ահարոնյանի բազմաբնույթ գործունեությունը, կարևորեց նրա կողմից իրականացրած այն բարեգործական և ներդրումային ծրագրերը, որոնք նպաստում են Հայրենիքի զարգացմանը: Սփյուռքի նախարարը նշեց, որ համայնքում հարգված և մեծ հեղինակություն ունեցող գործիչը մեծապես նպաստում է նաև Հայ-Իրանական բարեկամության, գործարար կապերի զարգացմանը: Երկար տարիներ լինելով «Իրան-Հայաստան» առևտրական պալատի խորհրդի նախագահ՝ նա իր նպաստն է բերել, երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը, իսկ Թեհրան-Երևան չվերթի բացմանն աջակցելով՝  նպաստել է տուրիզմի զարգացմանը. օրեցօր բազմապատկվում է Հայաստան այցելող իրանցիների և իրանահայերի թիվը:

Նախարարն առանձնակի կարևորեց Լևոն Ահարոնյանի հասարակական գործունեությունը, այն մեծ նվիրումը՝ որով նա հրապարակում է Իրանահայության շրջանում մեծ հեղինակություն վայելող «Հույս» ամսագիրը:

Իրանահայ գործիչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և նշեց, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը առանձնակի արդյունավետ և բովանդակալից անցավ:

Նա ներկայացրեց Հայաստանում իր կողմից կյանքի կոչած նոր ծրագիրը, որի շրջանակում Հանքավանում գնել և հիմնանորոգել է խորհրդային շրջանի պիոներական ճամբարը և նախատեսում է տարբեր ծրագրեր իրականացնել՝ Հայաստան բերելով սփյուռքահայ պատանիներ ու աղջիկներ, ովքեր կծանոթանան հայրենիքին կկապվեն և կնպաստեն նրա առաջընթացին, նրանց մի մասն էլ թերևս կհայրենադարձվի:

Լևոն Ահարոնյանը առաջարկեց համագործակցել և նշեց, որ սիրով կհյուրընկալի «Արի տուն» ծրագրի մասնակիցներին: Նա ներկայացրեց նաև իր նոր ներդրումը և նախարարին հրավիրեց մայիսին մասնակցելու Արաբկիրում կառուցված «Աննաբելլա» հյուրանոցի բացման արարողությանը: «Ինչ որ անում եմ՝ հայի ու Հայաստանի համար եմ անում»,- եզրափակեց իրանահայ գործարարը:

Scroll Up