Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Շվեյցարիայից ժամանած հյուրերին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, պարոն Դոմինիկ դը Բյումանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է, որ տպավորված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելությունից, հպարտ է 2003թ. դեկտեմբերի 16-ի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի համար:

Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում:

Scroll Up