«Արարատ» թոնրատունը՝ Դիարբեքիրում. Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում կրկին լավաշ է թխվելու

Դիարբեքիրում հունվարի 20-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը: Հիմնադիր սասունահայ Էրհան Յամանին ու իր եղբայրներին   լավաշի թխման հմտություններին  ծանոթացրել են Հայաստանից մեկնած Արշակ Մարտիրոսյանը, Արթուր Աղեկյանն ու վերջինիս կինը‘ Հասմիկ Հարությունյանը:

Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում կրկին լավաշ է թխվելու: Լավաշի փռեր  եղել են Մուշում, բայց ոչ Դիարբեքիրում:  Երկար տարիներ Մուշում ապրած սասունահայ Էրհան Յամանը որոշել է Տիգրանակերտում  բացել լավաշի թոնրատուն: Փուռը բացելու համար ժամանել է Հայաստան, հարցուփորձ արել, թե  որտեղից կարող է փռի համար գտնել անհրաժեշտ սարքավորումներ: Այդ հարցերը կարգավորելուց հետո, Յամանի հաջորդ այցի նպատակը վարպետներ գտնելն էր: Տոնական օրերն անցկացրել է Հայաստանում ու հետաքրքվել՝ ով կհամաձայնի Տիգրանակերտում որոշ ժամանակով սովորեցնել հայկական լավաշ թխելու հմտությունները: Բազմաթիվ հայերի է Յամանն առաջարկել, սակայն համաձայնության չեն եկել, քանի որ վախեցել են: Տեղեկությունները  «Ռադիոլուր»-ին   փոխանցեց այն ընտանիքը, ով համաձայնել է մեկնել  պատմական Հայաստան ու  Յամանին և իր եղբայրներին սովորեցնել լավաշ թխել: Արթուր Աղեկյանը  և իր կինը՝ Հասմիկ Հարությունյանը, կամավոր մեկնել են Տիգրանակերտ՝ հայերին աջակցելու իրենց նախաձեռնություններում:

Հունվարի 20-ին «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը մեծ շուքով բացվեց  Տիգրանակերտում ապրող  հայերի մասնակցությամբ: Հուզմունքն ու ուրախությունը խառնվել էին և՛ գնորդների , և՛ լավաշ թխող հայրենակիցների մոտ:

Հետաքրքիր էր, որ լավաշը թխում էինք, ոնց որ  բեմի վրա լինեինք: Հանդիսատեսը տեղացի հայերն էին: Ե՛վ շատ հուզիչ էր, և՛ շատ ուրախալի էր, որ հայերը հուզված, փայլուն աչքերով գալիս էին: Կարծես լավաշն իրենց համար հայության և քրիստոնեության մի ապացույց լիներ, ինքնարժեքության բարձրացում լիներ»,- պատմում է Արթուր Աղեկյանը:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության  կենտրոնի գիտաշխատող Մելինե Անումյանը հայկական լավաշի թոնրատուն բացելու մտահղացումից զատ,  հետաքրքրական է համարում  Արարատ անվան օգտագործումը, քանի որ լեռան թուրքական պաշտոնական անվանումը Աղր է, Արարատը այստեղ անթույլատրելի բառերի շարքում է: Ինչպես միշտ թուրքերը շարունակում են հայկական խոհանոցի «գոհարները»վերագրել իրենց: «Թուրքական հնագիտության և ազգագրության թանգարանում ազգագրության նյութ ներկայացվել է լավաշ թխելու տեսարանը: Փորձում են իրենց թանգարանների միջոցով   լավաշը ներկայացնել թուրքական   խոհանոցի մասնիկ»:

Նույն լավաշը թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ընդգրկել  է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ, այնուամենայնիվ թուրքերը շարունակում  են լավաշը ներկայացնել որպես թուրքական խոհանոցի մասնիկ և դրան ուղղված քարոզչությունը շարունակվում է՝ ասում է:

Scroll Up