Հայ զինվորի նամակը՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին

Հունվարի 28-ին յուրօրինակ դաս էր Միսլատայի (Վալենսիա) հայկական կիրակնօրյա դպրոցում: Այն նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին: Կրթօջախի սաները պատասխան նամակներ էին ստացել հայ զինվորներից՝ այն նամակների պատասխանները, որոնք աշակերտները գրել էին մեկ տարի առաջ՝ Հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ: «Սիրելի երեխանե՛ր, հիշում եք, որ նամակներ էիք գրել մեր զինվորներին»,- հարցրեց դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը: «Այո՛»,- հնչեց միահամուռ պատասխանը: «Եվ ահա, զինվորները պատասխանել են ձեզ»,- շարունակեց Ղուկասյանը: «Այդքան ո՞ւշ է տեղ հասել նամակները»,- հարցրեց 8-ամյա Մարիան: «Գիտե՞ս Հայաստանն ինչքան հեռու է: Դրա համար էլ ուշ է հասել»,- միջամտեց Սոնյան: «Գիտեմ,- պատասխանեց Մարիան,- ես եղել եմ Հայաստանում»: «Սիրելի երեխանե՛ր, մեր զինվորները շատ կարևոր գործ են անում. պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որպեսզի մենք՝ բոլորս և մեր հայրենակիցները, Հայաստանում խաղաղ ապրենք: Դրա համար էլ նրանց պատասխանը մի քիչ ուշ է տեղ հասել»,- բացատրեց ուսուցիչն ու պատրաստվեց բացել ծրարները:

Աշակերտների ուրախությանը չափ չկար, երբ նրանք զգացին ու հասկացան, որ իրենց նամակները հասել են իրենց հասցեատիրոջը՝ Հայոց աշխարհի սահմանները պաշտպանող հայ զինվորին, ով, այս դժվարին օրերին, նույնիսկ ժամանակ է գտել պատասխանելու իրենց նամակ-բարեմաղթանքներին: Ռոմանը, Վալերիան, Վիկտորիան, Իզաբելլան, Մարիան և մյուսները մի տեսակ ներքին ուրախություն էին ապրում, երբ լսում էին իրենց անունները: Ղուկասյանը մեկ առ մեկ կարդաց զինվորների գրած պատասխան նամակները, ինչպես նաև նրանց ուղերձը սփյուռքահայ ընկերոջը: Այս հատուկ դասաժամին ներկա էին նաև աշակերտների ծնողները, ովքեր նույնպես մեծ գոհունակությամբ ու հուզումով էին լսում իրենց զավակներին ուղղված նամակները:

Ստորև «Հայերն այսօր»-ը ներկայացնում է աշակերտների և զինվորների մի քանի նամակներ.

Scroll Up