Քըրք Քրքորյանի համար  գումար աշխատելը նվիրատվություն կատարելու միջոց էր. տեսանյութ

Քըրք Քրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին:

«Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաև եզակի ազնվության տեր մարդ էր և ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի»,- ասում է Ռեմփելը:

Հեղինակի խոսքով, Քրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետև սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել և անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն, դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտեին՝ նա միշտ իր վրա էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն, միշտ կիսում էր եկամուտները մյուսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քրքորյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպես կահույքի բարձիչ, սակայն ընկերներից մեկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո սիրահարվում է երկնքին և որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քրքորյանը վտանգավոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից հետո փոքր ինքնաթիռ վարձակալում և ընկերություն հիմնադրում: Ընկերության եկամուտներից ստացված գումարով նա որոշում է կառուցել հյուրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսվում է նրա ֆինանսական կայսրության աճը: Քըրք Քրքորյանի համար սակայն գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նվիրատվություն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը: Կա մի պատմություն. երբ նրա մենեջերը ցույց է տվել, թե որքան գումար են նրանք վաստակելու «Քրայսլեր» ընկերության բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայել է և ասել ընդամենը մեկ բան. «Հրաշալի է, բարեգործակայն ընկերությունների դուրը կգա»:

Բարեգործություն անելիս՝ Քըրք Քրքորյանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի.

«Նա նույնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն իրեն: Թույլ չէր տալիս, որ իր պատվին որևէ փողոց կամ պուրակ անվանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, թեև Քրքորյանի պահանջն էր, որպեսզի իր պատվին ոչինչ չանվանակոչեն, նրա գործերը կմնան հավերժ: Դրանից բացի, նա այնուամենայնիվ համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագույն պարգևը՝ ազգային հերոսի կոչումը.

«Դպրոցական հասակի յուրաքանչյուր երեխա արդեն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մեկն էլ՝ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Վեհափառի, մեր Արցախյան պատերազմի հերոսների հետ մեկտեղ Քըրք Քըրքորյանի անունն է»:

Անդրադառնալով Քրքորյանի 2,5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգությանը՝ Ուիլյամ Ռեմփելն ասում է, որ այն ամբողջությամբ փոխանցվել է բարեգործական նպատակների, իսկ թե որ կազմակերպություններին կփոխանցվեն գումարները որոշելու է Քըրքորյանի կողմից կազմված կոմիտեն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայելյանը, ինչպես նաև Քրքորյանի նախկին իրավաբանն ու հաշվապահը.

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պետք է բարեգործության ուղղվի, իսկ թե որ բարեգործական նպատակներով կուղղվի գումարը՝ Քրքորյանն այդ հարցի որոշումը թողել է  իր հաշվապահին, իր նախկին իրավաբանին և Էսրայելյանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պետք է շուտ կայացվի: Խոսքը մի քանի տարվա մասին է, այնպես որ, կարծում եմ, մինչև հաջորդ տարի ամեն ինչ պարզ կլինի»:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Scroll Up