Հայոց բանակում ծառայող արցախցի 5 եղբայրները

«Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել». նժդեհյան այս խոսքը կարծես նրանց համար է ասված:
Հիրավի, մեր օրերում շատ չեն այն ընտանիքները կամ այն ծնողները, որոնց բոլոր զավակները ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում:
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչներ Արտյուշա եւ Մելանյա Ավագիմյանները նման եզակի ծնողներից են. նրանց 5 որդիները ծառայում են Հայոց բանակում:
Որդիներից ավագը՝ Անդրանիկը, փոխգնդապետի կոչումով, ծառայում է Մարտակերտի N միավորումում, իսկ Արթուրը՝ կրկին փոխգնդապետի կոչումով, ծառայում է Մարտակերտի N զորամասում: Մյուս որդիները՝ Արայիկը, Արկադյան եւ Ալեքսանդրը ծառայում են ԱՀ տարբեր զորամասերում:
Անդրանիկ ու Արայիկ եղբայրները հասցրել են վառոդի հոտը զգալ նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ, իսկ ապրիլյան դիմակայության ժամանակ, նրանք՝ 5 եղբայրներով եղել են առաջնագծում: Նշենք, որ այդ օրերին տղաներից ետ չէր մնացել նաեւ նրանց հայրը՝ Արտյուշա Ավագիմյանը, չնայած պատկառելի տարիքին: Նա, լինելով Արցախյան գոյապայքարի ակտիվ մասնակից, իր համար անելիք էր գտել նաեւ Ապրիլյան պատերազմի օրերին: Ինչպես ցավով նշում է Արտյուշա Ավագիմյանը, 2016-ի ապրիլին չկարողացավ մասնակցել մարտական գործողություններին, բայց մասնակցել է ինժեներական աշխատանքներին՝ 2-րդ գծում: Նրա մոտ կրկին հայրենիքի կանչն էր. նա Արցախյան պատերազմի մասնակից է, գյուղի տղաների հետ մասնակցել է մի շարք մարտերի եւ 2 անգամ վիրավորվել. առաջին անգամ ոտքից՝ ստանալով հրազենային վիրավորում, իսկ մյուս վիրավորումը՝ նռնականետից:
Մեր զրույցի ժամանակ որդիներից Արթուր Ավագիմյանը, ով ծառայում է Մարտակերտի զորամասում, հպարտությամբ էր խոսում հոր անցած ուղուց. «Փորձել եմ նմանվել հորս: Նա լինելով գյուղի կամավորական ջոկատում, 1992 թվականից մասնակցել է Արցախյան գոյամարտին, եւ իմ մեջ մտել է մի սկզբունք, որ պետք է շարունակեմ հորս սկսած գործը»: Մարտակերտում ծառայող ավագ եղբայրը՝ Անդրանիկը կրկին խոսեց հոր հայրենասիրությունից եւ իրենց դաստիարակությունից, որով եւ առաջնորդվել են իրենք, եւ դեռ շարունակում են առաջնորդվել:
Ինչպես տղաներն են ասում՝ հինգ եղբայրներով ծառայելը հպարտություն է: Իսկ փոքր եղբայրը՝ Ալեքսանդրը, ով ծառայում է Մարտունու զորամասերից մեկում, ասում է, որ միշտ էլ հպարտություն է ապրում, որ նման եղբայրներ ունի, եւ որ զինվորական են, ու իրենց ասում են՝ Ավագիմյան եղբայրներ: Ալեքսանդրը նույնպես լավ զինվորական է, իր գործի գիտակը, հրետանավոր է, եւ քաջ գիտակցում է, որ հայրենիքը պետք է պաշտպանել՝ ինչ գնով էլ լինի: Նա շարժվում է ազատամարտիկ հոր, զինվորական եղբայրների պատգամներով: Եվ պատահական չէ, որ 5 եղբայրներն էլ նախընտրել են զինվորական լինել, քանզի նրանք սուրբ գործ են կատարում՝ հայրենիք են պաշտպանում, իսկ օրհասական պահերին, նետվում են առաջնագիծ՝ պաշտպանելու իրենց փայփայած եւ այդքան թանկ հայրենիքը եւ նրա սահմանները:
Մայրը՝ Մելանյա Ավագիմյանը, հպարտ է իր զինվորական-որդիներով: Նման որդիներով կհպարտանա ցանկացած մայր, սակայն տիկին Մելանյան հպարտության հետ մեկտեղ, համոզված է, որ որդիները բարեխղճորեն են կատարում իրենց պարտականություններն առ հայրենիք: Նա հենց ինքն է հորդորում որդիներին, որ հայրենիքը թանկ է եւ պետք է այն պաշտպանել:
Ինչպես նշեցինք, եղբայրները ծառայում են տարբեր զորամասերում, տարբեր պաշտոններում, պարգեւատրվել են պետական եւ գերատեսչական պարգեւներով, բազմիցս խրախուսվել են վերադաս հրամանատարության կողմից: Լինելով տարբեր անհատականություններ եւ տիրապետելով տարբեր զինվորական մասնագիտությունների, նրանք ունեն նաեւ բնորոշող ընդհանուր գծեր, որոնցից առաջնայինն են պարկեշտությունն ու բարեխղճությունը, բարձր պատասխանատվությունը եւ նվիրվածությունը՝ հարազատ հող ու ջրին:
Որդիները ծնողներից սովորել են, որ հայրենասիրությունն ամենաառաջնայինն է: Արայիկ Ավագիմյանի խոսքը եւս հոր մասին էր: Նա ասաց, որ Արցախյան պատերազմի ժամանակ տեսել են ազատամարտիկ հորն ու իրենց մեջ սերմանվել է այն, որ պետք է հայրենիքի համար անել ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաներն ապրեն ու մեծանան խաղաղ պայմաններում:
Մարտակերտի զորամասում ծառայող, փոխգնդապետ Արթուր Ավագիմյանը իր ծառայության մեջ դժվարություն չի տեսնում: Եթե տվյալ հրամանատարը կրթված է եւ զբաղվում է ինքնապատրաստությամբ, ինքնակրթությամբ՝ ի վիճակի է ղեկավարել իր ենթականերին:
Ավագիմյան եղբայրներն ուրախանում են մեկը մյուսի ծառայողական հաջողություններով, խորհրդակցում դժվար պահերին, սակայն դեռ մանկուց ավագ խորհրդատուի դերը, բազմամարդ ընտանիքում, վերապահված է եղել ծնողներին:
Արթուր Ավագիմյանի խոսքով հոր դաստիարակության շնորհիվ են հասկացել, թե ինչ է եղբայրությունը. «Հայրս միշտ ասել է, որ եղեք միասին, եղեք ամուր: Հիշում եմ, փոքր ժամանակ նա ցախավելի պատմությունն էր պատմում եղբայրներիս, որ ցախավելի մի փայտն ավելի շուտ է ջարդվում, քան խուրձով ցախավելը, ու դրանից ելնելով առաջնորդվում ենք այդ կարգախոսով՝ եղբայրության մեջ մեկս մյուսին հարգելով, մեկս մյուսից խորհուրդներ հարցնելով: Իհարկե, մեծ եղբորս ավելի շատ ենք դիմում, քանզի ինքն ավելի կիրթ է, ավելի գրագետ, մշտապես համագործակցելով մեկս մյուսի հետ՝ զանգահարելով, հավաքվելով, խորհրդակցելով կառուցում ենք մեր կյանքը»,- ասաց Արթուր Ավագիմյանը:
Ավագիմյան եղբայրները ծառայում են տարբեր ուղղություններում, իրարից հեռու:Սակայն տղաները չեն դժգոհում ոչ ընտրած ճանապարհից եւ ոչ էլ զինվորականի բազմաթիվ զրկանքներով հարուստ կյանքից, ավելին, մտածում են իրենց զավակներին եւս ապագայում տեսնել զինվորականի համազգեստով:
Տիկին Մելանյա Ավագիմյանը հպարտ է նաեւ իր թոռներով. նա ունի 17 թոռ, ավագ թոռը՝ Մհերը, այս տարի՝ ամռանը, կզորակոչվի բանակ, իսկ տատիկը վստահ է, որ նա կլինի լավագույն զինվորներից մեկը եւ բարձր կպահի հոր եւ հորեղբայրների ու բոլորի պատիվը:
Մնում է ասել, որ այսպիսի զինվորականների, մարդկանց եւ ընտանիքների վրա է հիմնված ոչ միայն բանակը, այլեւ մեր պետականությունը: Նրանք առանց ավելորդ խոսքի, համեստորեն կատարում են այն, ինչը ձեւավորում է տվյալ ստորաբաժանման, զորամասի եւ Զինված ուժերի մարտունակությունը, օգնում ունենալու այն երկիրն ու հայրենիքը, որի մասին երազել են մեր հայրերն ու պապերը եւ որտեղ ապրելը պատիվ ու մեծագույն երջանկություն են համարելու մեր որդիներն ու թոռները:
Ավագիմյան եղբայրներին բարի ծառայություն ենք մաղթում, եւ ասում, որ խաղաղ լինի ձեր ամեն մի մայրամուտը եւ լուսաբացը, քանզի դուք եւ ձեր նմանները թանկ են ազգի եւ բանակի համար:

Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր

Scroll Up