«Չնայած ես  լիբանանցի եմ, բայց  ինձ  թվում է՝ Ներքին Կարմիրաղբյուրում եմ ծնվել».  Արշալույս Ամսիհ

Հայրենադարձությունը  խթանելու լավագույն միջոցներից մեկն էլ կրթական աշխատանքային ծրագրերի ստեղծումն է, որոնցից մեկի՝ «Teach for Armenia»՝ «Դասավանդիր Հայաստան»–ի շրջանակներում Լիբանանի Բեյրութ քաղաքից Հայաստան՝ Տավուշի  մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում, անգլերեն լեզու է ուսուցանում Արշալույս Ամսիհը՝ 25-ամյա երիտասարդ  մի աղջիկ, ում հետ «Հայերն այսօր»-ի համար արված զրույցիս ընթացքում անչափ տպավորված էի Արշալույսի՝ իր մասնագիտության ու աշխատանքի հանդեպ ունեցած այդչափ նվիրվածությամբ:

Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում  այդ հարցազրույցը:

-Արշալու՛յս,  ինձ  շատ հետաքրքրեց  Ձեր  ազգանունը.  ի՞նչ  ասել է՝ Ամսիհ…

Ազգանունս արաբական ծագում ունի, բայց հայրս հայ է, ես էլ զտարյուն հայուհի եմ. մեր անձնագրերում գրված  է՝ հին հայ, հայրական կողմից ոչ մեկը ազգանվան «յան»-ը չունի: Հայրիկս  բացատրել է, թե ինչ է նշանակում Ամսիհ բառը՝ բաժանելով  այն 2 բաղադրիչների.  հաբեթ՝ արաբերեն նշանակում է ստրուկ, մեսիհը Հիսուսն է, այսինքն՝ Հիսուսի ծառա. ահա՛ մեր ազգանվան բացատրությունը:

-Որտե՞ղ  ես  նախնական և բարձրագույն  կրթություն  ստացել:

-Ծնվել, մեծացել եմ Բեյրութում, այնտեղ էլ կրթություն եմ ստացել: Ազգային դպրոցում եմ սովորել, 7-րդ դասարանից հաճախել եմ Լևոն և Սոֆյա Հակոբյանների ազգային քոլեջ, որն ավարտելուց հետո ընդունվել եմ Լիբանանի պետական համալսարանի անգլերենի բաժինը: Անկեղծ ասած՝ երկար ժամանակ մասնագիտության ընտրության հարցում չէի կողմնորոշվում, դպրոցի ավագ դասարանում ես ընտրել էի տնտեսագիտությունը, սակայն հասկացա, որ դա իմը չէ և ընտրեցի մանկավարժությունը, անգլերենը:  Չեմ զղջում. ես, իսկապես, իմ տեղում եմ:

-Հասցրե՞լ  եք Լիբանանում  աշխատել Ձեր  մասնագիտությամբ:

-Ոչ, քննություններս հանձնելուց անմիջապես հետո Հայաստան եմ եկել՝  «Դասավանդիր Հայաստան» երկու տարվա ծրագրով: Մի քանի ամիս անց իմ ժամկետն ավարտվում է, սակայն մեծ ցանկություն ունեմ՝ մնալու արդեն հարազատ դարձած  Ներքին Կարմիրաղբյուրում. կապված եմ և՛ տեղանքին, և՛ մարդկանց, իսկ ամենից շատ՝ իմ աշակերտներին. ինձ թվում է, թե ես այնտեղ եմ ծնվել:

-Արշալու՛յս,  դու արևմտահայերենի կրող ես, իսկ այդ շրջանի, գյուղի բնակիչները, երեխաները բարբառախոս  են, կարողացա՞ք  իրար հասկանալ, հաղթահարել լեզվական ինչ-ինչ  խոչընդոտները, երկա՞ր  տևեց  այդ ընթացքը:

-Սկզբում ունեցա դժվարություններ, սակայն կարողացա արագությամբ հաղթահարել: Երբեմն, երբ երեխաներին ասում եմ՝ գնացե՛ք դուն(տուն), զարմացած նայում են ինձ,  հետո ավելի փափուկ եմ ասում՝ տուն…և հասկանում են, սակայն ես սկսել եմ հասկանալ նաև Տավուշի բարբառը, իրենք էլ արդեն իմ խոսքն են հասկանում: Գյուղի երեխաները շատ պարզ են, հաճախ՝ միամիտ: Երբ  Ամանորի առիթով Երևան էին եկել՝ Նախագահի մոտ ընդունելության, ամբողջ ճանապարհին զարմացած նայում էին հսկայական շենքերին, կառավարական շենքին, շքեղ առանձնատներին ու մեքենաներին և  գյուղի բարբառով զարմանք ու հիացմունք արտահայտող  բացականչություններ վանկարկում…

Լեզվական  դժվարությունները  հաղթահարեցիք  կարճ ժամանակում, իսկ  հեռավոր գյուղում ապրելու և աշխատելու  ընթացքի՞ն, գյուղական պայմաններին կարողացա՞ք  հեշտությամբ  հարմարվել:

Երբ պետք է գայի Հայաստան, ծնողներս կարծում էին, թե Երևան պետք է գամ և համաձայն էին, բայց, իմանալով, որ ես գյուղում եմ ապրելու, համաձայն չէին. ի վերջո,  ընդունեցին, հարգեցին իմ որոշումը, մայրիկս մի անգամ եկել է ինձ մոտ:  Նա  այդ գեղատեսիլ տեղանքը նմանեցրեց Սիրիայի իր ծննդավայրին, իրենց գյուղին: Սկզբում շատ դժվարություններ ունեցա կենցաղում. ես սովոր չէի նման հարցերով զբաղվելու, ջրի, հոսանքի, գազի վարձ մուծել, բանկում հերթ կանգնել, տանը փչացած իրերը   վերանորոգել, կամ էլ՝ վերանորոգող  մասնագետ փնտրել…Լիբանանում ես երբեք ցեխոտ փողոցներով չեմ քայլել, ամենուր ասֆալտ է այնտեղ, իսկ գյուղում, երբ, երբ դպրոց եմ գնում, կոշիկներս  ցեխի մեջ կորչում են, երեխաները նույնպես ցեխերի միջով  են գալիս, ցեխոտված կոշիկներով են մտնում դպրոց: Շատ կարևոր է գյուղի փողոցների ասֆալտապատումը, սակայն այնքա՜ն ուրիշ խնդիրներ կան, որ այդ թեմայի վրա էլ չես կենտրոնանում: Մեր դպրոցը շատ լավ պայմաններ ունի, կենտրոնական ջեռուցում կա, ամբողջովին եվրանորոգված են բոլոր դասասենյակները, դպրոցն՝ ամբողջությամբ: Հրաշալի տնօրեն ունենք, ով  մեծ ուշադրություն, հոգատարություն է ցուցաբերում դպրոցին,  ուսումնական գործընթացին: Երբ մի օր գաք մեր գյուղ, կզարմանաք, որ այդպիսի դպրոց  կա հեռավոր սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում: Սահման պահող գյուղերն արժանի՛ են լավագույնին:

-Երբ առաջին  անգամ մտաք գյուղ, դպրոց, ինչպիսի՞  ընդունելության արժանացաք:

-Շա՜տ  լավ. ինձ դպրոցում շրջապատեցին սիրով, ջերմությամբ. հիմա, երբ մի քանի ամիս է մնացել ծրագրով աշխատելու իմ ժամկետին, բոլորը ցանկանում են, որ ես մնամ, տնօրեն Նարա Պապյանն  էլ է շատ շահագրգռված: Գյուղի բնակիչների մասին ասեմ, որ նրանք շատ բարի են, հյուրասեր,  սիրալիր, ամեն անգամ ինձ հրավիրում են սուրճ խմելու, հյուրընկալվելու, մնալու իրենց օջախներում:  Ես գյուղ ու դպրոց եմ մտնում ՝ասես հարազատներիս մոտ: Կարծում եմ, որ վատ մարդ չկա, պետք է սիրով վերաբերվես մարդուն և նրա մեջ եղած ոչ լավ, ոչ դրական   գծերի պատճառը գտնես: Ես  ոչ մի խնդիր չունեմ մարդկային հարաբերություններում, ապրում եմ խաղաղ հոգով ու սիրող սրտով:

– Կարո՞ղ ես  գյուղի երեխաների, քո աշակերտների գիքորային  միամտությունն ու պարզությունը, անմիջականությունն ընդգծող ինչ-որ հետաքրքիր բաներ պատմել:

-Այո, շա՜տ…Այնքան պարզ ու անմիջական են, որ  հարցեր են տալիս իմ անձնական կյանքի  վերաբերյալ, նույնիսկ  իրենց հարազատներից  փեսացուներ են առաջարկում ինձ, հարցնում են՝ միսս Արշալու՛յս, ընկեր ունե՞ս…իհարկե, ժպտում եմ, նաև՝ բացատրում, թե աշակերտներն ինչպես պետք է պահեն իրենց:

-Արշալու՛յս, երբ առաջին անգամ եկար դասավանդելու այդ դպրոցում, ո՞ր լրատվամիջոցներն անդրադարձան Լիբանանից եկած ու Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդող երիտասարդ աղջկան:

-Առաջինն  ինձ  հետ  զրուցեց Ամերիկյան համալսարանից մի երիտասարդ աղջիկ և զարմացավ, որ ես իմ կամքով որոշել եմ մասնակցել ծրագրին, աշխատել գյուղում, հետագայում ինձ հետ զրուցեց «Անկախ» թերթի լրագրողը. մարդիկ զարմանում են, որ գյուղում եմ աշխատում և ուզում եմ մնալ գյուղում: Գիտե՞ք, ես ծնվել ու մեծացել եմ քաղաքում, սակայն գյուղն ինձ համար խորթ չէ, այնտեղ հրաշալի մարդիկ են ապրում, չքնաղ բնություն կա,  լռություն, հեռու ենք քաղաքի հոգնեցնող աղմուկից:

-Իսկ սահմանապահ գյուղում ապրելու վտա՞նգը…չե՞ս վախենում: Երբևէ  երկմտե՞լ ես՝ ես ի՞նչ գործ ունեմ այստեղ…

 – Առաջին տարին ես աշխատել եմ Բերդի  վարժարանում, սակայն հետագայում վարժարանը միացավ ավագ դպրոցին և ինձ ուղարկեցին Ներքին Կարմիրաղբյուր: Իհարկե, վտանգը կա,  հատկապես ձմռանը վախենում եմ մեքենայով, ավտոբուսով գնալիս, որովհետև  բնությունը մերկացած է, ծառերի կանաչ սաղարթը չի քողարկում մեքենաներին, իսկ թշնամու դիրքերը շատ մոտ են, և նրանք ամեն պահի պատրաստ են մեզ նշանառության տակ առնելու…Չեմ ասի, թե չեմ վախենում, սակայն  գյուղի բնակիչների, երեխաների անվախությունը նաև ինձ է փոխանցվում, ես ինձ նրանցից մեկն եմ համարում, դա նաև իմ գյուղն է, իմ Երկրի սահմանը. չնայած Լիբանանից եմ, սակայն կարևորն այն է, որ ես Հա՛յ եմ, որ իմ սիրտն ու  հոգին Հայաստանի հետ են:

Մի քանի ամսից ծրագիրն ավարտվում է,  լրանում է քեզ տրված աշխատանքային ժամկետը. դու  երիտասարդ ես, անձնական կյանքը  դասավորելու խնդիր  կա…Մնալու՞ ես Տավուշում, կա՞ հնարավորություն՝ քեզ դպրոցում պահելու, կվերադառնաս Լիբանա՞ն, թե՞ կմնաս Հայաստանում,  ո՞րն է ճանապարհը…

-Տնօրենը ցանկանում է, որ ես մնամ դպրոցում, սակայն ծրագիրն ինձ այլևս չի հովանավորի, տան վարձը,  կոմունալի վճարումներն ինքս պետք է անեմ:  Ասացի, որ Բերդում եմ ապրում և դասի եմ գալիս այնտեղից, սակայն հիմա ուզում եմ տեղափոխվել գյուղ, որպեսզի ավելի մոտ լինեմ գյուղի մարդկանց, շփվեմ նրանց հետ: Հիմա մի տեսակ խառն ու անորոշ  իրավիճակ է, չեմ կարողանում կողմնորոշվել. ամենից կարևորն ինձ համար այն է, որ ես շարունակեմ աշխատել, դասավանդել, չկորցնել ներուժս: Դպրոցում բոլորը շահագրգռված են, որ ես  շարունակեմ դասավանդել, որ մնամ գյուղում. անգամ ամուսնացնելու ճանապարհով են ցանկանում ինձ պահել:

 Հիմա ես  սովորում եմ մագիստրատուրայի 2-րդ կուրսում, պայմանագիր ունեմ, որի համաձայն միայն մոդուլների ժամանակ պետք է մեկ շաբաթով գամ Երևան, մնացած աշխատանքն  առցանց եմ անում, տեսակապով շփվում եմ դասախոսներիս հետ:

-Ի՞նչն  է քեզ  զարմացնում, հիացնում  տավուշցիների մոտ:

-Երբ դեռևս չէի ապրում Հայաստանում, տարածված մի կարծիք կար լիբանանցիներից շատերի մոտ, որ հայաստանցիները  ծույլ են,  սակայն հասկացա, որ այդպես չէ, որ հայ մարդը միշտ արարող է. տավուշցիների մեջ ինձ հիացնում է նրանց  աշխատասիրությունը, նրանք ամեն ինչ ստեղծում են՝ ցանում ու վարում են, իրենց արդար բերքից, անտառների տված բարիքներից ձմեռվա պաշար հավաքում. երբ նրանցից ցանկացածի տուն մտնես, քեզ տեսակ-տեսակ անուշեղեն, կերակուրներ կհրամցնեն:

-Աստված չանի, սակայն  թշնամու կողմից  պատերազմական գործողություն սկսելու դեպքում որտե՞ղ  կլինես…

-Իմ աշակերտների կողքին:

-Ի՞նչ է քեզ համար Հայրենիքը, ինչպիսի՞ զգացումներ ես ունենում, երբ արտաբերում ես այդ թանկ բառը:

-Շատ դժվար հարց է…Հայրենիքն ինձ համար մի կողմից ցավ է, անհանգստություն. մենք շատ հաճախ ենք արթնանում ու քնում կրակոցների ձայների ներքո,  մյուս կողմից  Հայրենիքն  ինձ համար մեծ ուրախություն է: Հայրենիքն ինձ համար դեպի Տավուշ տանող ճանապարհն է. երբ  քաղաքից  դեպի  գյուղ  վերադարձի ճանապարհին մեքենան Սևանի թունելն անցնելուց հետո  արդեն մտնում է Դիլիջան, Իջևան,  ես ինձ տանն եմ զգում, ինձ թվում է,  թե ես Բեյրութ՝ Բուրջ Համուդ հարազատ թաղամաս եմ մտնում: Ճանապարհի բոլոր ծառերն ու ժայռածերպերը ծանոթ են ինձ, ես ջերմություն ու լու՛յս եմ ստանում այդ տեսարաններից: Բնության աշնանային այդպիսի գույներ չես գտնի ոչ մի տեղ:

Այս լուսավոր տողերով ու զգացումներով էլ ավարտվում  է իմ հարցազրույցը Ներքին Կարմիրաղբյուրում  դասավանդող  երիտասարդ, հայրենասեր ուսուցչուհու հետ, ով ոչ միայն սիրահարվել է այդ գյուղին, այդ պարզ ու մաքուր աշխարհին, այլև սկսել է իր արևմտահայերենով ու արևելահայերենով  շաղախված  խոսքում գործածել տեղի բարբառն ու  բարբառային խոսքին յուրահատուկ հնչերանգները:

Կարինե  Ավագյան

Scroll Up