«Հայրենադարձությունից հետո ապագայի հանդեպ հույսով լցվեցի».Թոմաս Մազեջյան

Լիբանանահայ հայրենադարձ Թոմաս Մազեջյանի երկրորդ այցելությունը Հայաստան բեկումնային է դառնում նրա համար.իր սերն է գտնում Երևանում և ամուսնանում մասնագիտությամբ սրտաբան հայաստանցի Աննայի հետ, ապա՝ տեղափոխվում են ապրելու Բեյրութում:

Ընտանիքով Հայաստան վերադառնալուն մեծապես նպաստել է դստեր ծնունդը, երբ սկսել են մտահոգվել Նինա-Մարիայի ինքնության պահպանման ուղղությամբ: Այսպիսով, հայկական արմատները 2007  թվականին նրանց բերում են Հայրենիք:

«Հայերն այսօր»-ի զրուցակից Թոմաս Մազեջյանն այսօր աշխատում է «ՎիվաՍել-ՄՏՍՀայաստան» ՓԲԸ-ում՝ որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ:

-Թոմա՛ս, ասացեք, խնդրեմ, թե որտեղից են  Ձեր արմատները:

-Հայրական արմատներս Տիգրանակերտից են, մայրականը՝ Ադանայից: Ինչպես պատմում էր պապիկս, նրանք հարուստ մարդկանց ձիերի վրա զարդարանքներ են նախշել, և այդ արհեստը կոչվել է «մազեջի»: Այդպիսով, մենք դարձել ենք Մազեջյաններ: Մայրական կողմիս ազգականները իրավաբաններ և հոգևորականներ են եղել: Նախնիներս, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ լինելով, հաստատվել են Հալեպում, ապա՝ գնացել Բեյրութ:

Ծննդավայրս Լիբանանն է: Չէի ասի, որ անհոգ մանկություն եմ ունեցել. լիբանանյան պատերազմը հենց իմ ծննդյան տարում է սկսվել: Միշտ տագնապի, ահ ու սարսափի մեջ էինք գտնվում: Մինչև հիմա հիշողությանս մեջ դրոշմված են պատերազմի զարհուրելի դրվագները, երբ փախչում էինք տատիկիս տուն՝ իբրև ապահով ապաստարան: Սակայն երբեք չեմ տրտնջացել ինձ բաժին հասած դժվարություններից, քանի որ, այդ ամենը հաղթահարելով, ավելի եմ կոփվել՝ ուժեղացնելով կամային հատկանիշներս:

1989 թվականին պատերազմը մեր թաղամասում ահագնացավ, որից հետո ծնողներս ինձ ուղարկեցին՝ սովորելու Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: Միշտ պատեհ առիթի դեպքում հպարտորեն ասում եմ՝ մելքոնյանցի եմ:

-Ի՞նչ հուշեր ունեք Մելքոնյան կրթական հաստատությունից:

 -Այս կրթօջախում սովորելն ինձ շատ բան տվեց.մտահորիզոնս լայնացրեցի,գիտելիքների անսպառ շտեմարան ամբարեցի, զանազանեցի լավն ու վատը, իրականում ճանաչեցի մարդկանց: Այս ամենի համար, իհարկե, երախտապարտ եմ ինձ կյանքի ճանապարհ հարթած ուսուցիչներիս, որոնց ջերմությամբ ու կարոտով եմ հիշում:

Այս պահին հիշեցի հայոց լեզի և գրականության ուսուցչուհուս՝ Վիոլետ Թաշչյանին, ով, չնայած աշակերտական չարաճճիություններիս, շատ էր սիրում ինձ: Իր համեստությամբ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել նաև ազգությամբ կիպրացի ֆիզիկայի ուսուցիչս: Նրա տված խորհուրդներն իմ ամենօրյա ուղեկիցներն են:

-Յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստան տեղափոխվելու իր ինքնատիպ պատմությունն ունի.հետաքրքիր է իմանալ, թե Դուք ինչպե՞ս բռնեցիք հայրենադարձության ուղին:

-Բեյրութի Հայկազյան համալսարանն ավարտելուց հետո Հայաստան առաջին անգամ եկել եմ 1997 թվականին՝ զբոսաշրջության նպատակով: Հայաստանի մասին արդեն բավականին տեղեկություններ ունեի hայոց պատմությունից, լուսանկարներից ու դիտած ֆիլմերից: Ապա 2003 թվականին մեկ շաբաթով եկա, որն էլ ճակատագրական դարձավ ինձ համար:

 Մի օր ինտերնետ-սրճարանում նստած՝ կողքի սեղանից ինձ նայող գեղեցիկ աչքեր նկատեցի (ժպտում էհեղ.), որոնք միանգամից գրավեցին ուշադրությունս: Մեր հայացքները միմյանց բախվեցին, և տեղի ունեցավ ի վերուստ նախատեսվածը: Ամեն ինչ կայծակնային արագությամբ ստացվեց, և դեկտեմբերի 31-ին նշանադրվեցի ապագա կնոջս՝ Աննայի հետ, ով մասնագիտությամբ սրտաբան է: Հաջորդ տարի ամռանն ամուսնացանք, որից հետո գնացինք ապրելու Բեյրութում:

Մեր կյանքը բնականոն հունով էր ընթանում, Հայաստան վերադառնալու հեռանկար, բնավ, չունեինք. բնակարան էինք գնել, կինս արաբերեն էր սովորել, մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտել, ես նույնպես աշխատում էի:

Սակայն առաջնեկիս՝ Նինա-Մարիայի ծնվելուց հետո, պատասխանատվության մեծ զգացումով լցվեցի, հակասական մտքեր ինձ պատեցին այն մասին, թե ինչպես պետք է նրան օտար ափերում որպես հայ մեծացնենք ու դաստիարակենք: Այդ մտորումները մեր հայացքները դեպի Հայաստան ուղղելու շարժառիթ դարձան:

Ազգությամբ ոչ հայ ընկերներիցս մեկն էլ ասաց, որ կօգնի Հայասատանում աշխատանք գտնել, ինչն էլ հաջողությամբ պսակվեց: 2007 թվականի հուլիսի 4-ին հիմնովին հաստատվեցինք Հայաստանում:

Կարծում եմ` հեշտ ներգրավվեցիք այստեղի կյանքին. արդեն եկել էիք Հայաստան, ծանոթ էիք նիստուկացին.այդպե՞ս չէ:

-Կնոջս հարցում որևէ խնդիր չէր կարող լինել, նա պարզապես իր կարոտն էր առնում Հայաստանից և հարազատներից, իսկ ես դժվարությունների հանդիպել եմ. աշխատանքի ընդունվելուց հետո նախ՝ նոր միջավայրին, մարդկանց մտածելակերպին ու բնավորությանը հարմարվելու, միմյանց վստահելու խնդրին բախվեցի, որն ինձ համար ամենամեծ մարտահրավերներից մեկն էր: Իհարկե, ժամանակի ընթացքում հաղթահարեցի այդ ամենը և հասա այն արդյունքին, որ երկու տարի հետո՝ 2009 թվականին, «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում (որտեղ արդեն աշխատում էր), ղեկավար պաշտոն ստանձնեցի:

Հետզհետե ընկերական շրջապատ էլ ձևավորեցի հիմնականում այն մարդկանցից, որոնց հետ շփման եզրեր կկարողանայի գտնել: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում ինձ պես հայրենադարձված սփյուռքահայերը:

Նշեմ նաև, որ սկզբնական տարիներին, իբրև սփյուռքահայ, Հայաստանում մարդիկ ինձ շեղ աչքով էին նայում և կատակում: Եթե նախկինում այդ ամենից նեղվում էի, հիմա արդեն ժպիտով եմ վերաբերվում:

Սակայն մինչ այսօր շարունակում եմ ներքին պայքար մղել ինքս ինձ հետ.կարծես՝ ինքնության փնտրտուքի մեջ լինեմ.այն երբեմն խանգարում է գտնել ցանկալիհանգստությունը, որի շնորհիվ, ի վերջո, կհասկանամ՝ Հայաստանում պարզապես հայ եմ, ոչ թե՝ սփյուռքահայ կամ հայաստանցի:  Ժամանակի հարց է, հուսով եմ՝ կանցնի:

-Թոմա՛ս, հայրենադարձվելուց հետո տասնմեկ տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ փոփոխություներ եք նկատել:

-Հայաստանում տարբեր բնագավառներում դրական տեղաշարժերն, անշուշտ, նկատելի են, որոնք հպարտանալու տեղիք են տալիս: Օրինակ՝ ՏՏ ոլորտն է շատ առաջադիմել, որտեղ մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Առհասարակ, պետք չէ թերագնահատել մեր կարողություններն ու ավելիին ձգտել: Պարզապես, այսօր աշխատաշուկայում փոքր-ինչ առաջնորդների պակաս ունենք, որոնց առկայության դեպքում, կկարողանանք ավելի մեծ բարձունքներ նվաճել:

Մտածե՞լ եք արդյոք այն մասին, թե Ձեր ընտանիքի համար հայրենադարձության ցանկալի պտուղները  որո՞նք են եղել:

-Առաջին հերթին իմ և երեխաներիս ապագայի հանդեպ մեծ հույսով լցվեցի, հասկացա, որ սեփական հողի վրա ամուր կանգնելով՝ պետք է շենացնեմ իմ երկիրը: Հայաստանում ինձ ուժեղ և ապահով եմ զգում: Այսօր երկու երեխաներս` տասնմեկ տարեկան Նինա-Մարիան և ինը տարեկան տղաս՝ Մարկը, իրենց Հայաստանի լիիրավ քաղաքացի են զգում և սիրով են հաճախում դպրոց:

Երեխաներիս համար հոգեպես հանգիստ եմ զգում հատկապես այն պատճառով, որ ինձ պես այդ ինքնության փնտրտունքի մեջ չհայտնվեցին, այլ՝ Հայաստանում վայելում են իրենց խաղաղ մանկությունն ու հասակ առնում: Ահա՛ այս քաղցր պտուղներն եմ քաղել հայրենադարձության բերքառատ ծառից:

– Ինչպիսի՞ Հայրենիք եք ուզում փոխանցել Ձեր զավակներին:

-Այնպիսի Հայաստան, որտեղ մարդիկ միմյանց ավելի կհարգեն, բարությամբ կլցվեն և տարբերություն չեն դնի լիբանանահայի, գյումրեցու և երևանցու միջև: Ուզում եմ՝ զավակներս ավելի միաբանված, հավաքական մտածելակերպով հայեր ունեցող Հայաստան տեսնեն:

Թո՛ղ հայրենասիրությունը սոսկ բառ չլինի կամ զգացմունք չարտահայտի, այլ, իրապես, գործնականում և  մնայուն աշխատանքով ապացուցված լինի:

Հայրենադարձությունից հետո Ձեզ համար ամենահիշարժան օրը ո՞րն է եղել:

-Ամենահիշարժաններից էր տղայիս ծննդյան օրը: Հիմա նրան երբեմն կես կատակ, կես լուրջ` երևանցի տղա ենք կանչում, որից իրեն լավ է զգում (ծիծաղում է-հեղ.): Կարևոր և արժանահիշատակ իրադարձություն եմ համարում 2009 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան»-ում տեղի ունեցած աշխատանքային փոփոխությունը, որն ինձ վստահելու համար շնորհակալ եմ:

Նոր ենք մուտք գործել 2018 թվական, ո՞րն է հայ ժողովրդին ուղղված Ձեր բարեմաղթանքն այս կապակցությամբ:

-Հուսով եմ՝ 2018 թվականը հայ ժողովրդի համար կլինի դրական մեծ փոփոխությունների տարի: Փորձե՛նք մտածել ոչ միայն անձնական, այլև`ազգային շահի մասին:

Օգտագործե՛նք մեր փոքր երկրի մեծ հնարավորություններն` ի շահ Հայաստանի զարգացման: Առողջություն և հաջողություն եմ մաղթում բոլորին, իսկ աշխարհին՝ խաղաղություն:

Հարցազրույցը` Գևորգ Չիչյանի

 

Scroll Up