ՀՀ-ում բացառիկ հնագիտական փաստագրում է արվել

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով – 7-րդ հազարամյակի սկզբով:

Իսկ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները, հայտնում է tert.am-ը:

«2017 թ. ֆունդամենտալ հետազոտությունների ժամանակ փայլուն արդյունք ունեցանք: Խոսքն այն մասին է, որ առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով – 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Ըստ նրա՝ սա 2017թ. ամենաերևելի փաստագրումն է: Այժմ 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:

«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- հայտնեց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով՝ հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պետության կողմից պահվի:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերվել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել:

«Հստակ կարող ենք ասել, որ Լեռնագոգը 8-րդ հազարամյակի վերջի – 7-րդ հազարամյակի սկզբի է, և հասարակությունը, որը ապրում էր այդտեղ, տիրապետում էր որոշակի ճարտարապետության: Մարդիկ տիրապետել էին կավի ճարտարապետությանը: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց այստեղ գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Իսկ 2017 թ. արդեն ավելի մեծ մասշտաբով սկսեցինք պեղել և գտանք անխաթար շերտեր, ոսկրաբանական նյութեր, որոնք թույլ տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Scroll Up