Բարերարների ֆինանսական աջակցությամբ Արցախում նախատեսվում են տնկել նռան այգիներ

Արցախում այգեգործությունը զարգացնելու նպատակով 2017թ. ԱՀ Կառավարության հաստատված ծրագրով նախատեսվում է նռան այգիներ հիմնել հանրապետության շրջաններում: Հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական նպաստավոր պայմանները՝ Մարտակերտի շրջանում Ճանկաթաղի գյուղական համայնքի 2-րդ հատվածում՝ 490 հա, և Վարդաձորի գյուղական համայնքի 2-րդ հատվածում՝ 262 հա, տարածքներում կտնկվեն նռան այգիներ:
Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ բաժնին որպես շրջանի գյուղատնտեսության պատասխանատու հանձնարարվել է հետևողական լինել որպեսզի գյուղական համայնքի ղեկավարները նշված տարածքներում վարելահողերը վարձակալության իրավունքով չտրամադրեն՝ այգիների տնկման աշխատանքների իրականացմանը խոչընդոտներ չլինելու համար:
Նախնական աշխատանքներն սկսված են 2017թ., գծանշված են այգիների հողատարածքները, հողի բիոքիմիական անալիզները ուղարկված են արտերկիր:
2018-ին կշարունակվեն այգիների հիմնադրման նախապատրաստական աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվելու են ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, ինչպես նաև բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Scroll Up