Հրեա ուսանողների Համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում գումարված 44-րդ համագումարի ընթացքում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Համագումարի անդամները դատապարտել են Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի, հույների և ասորիների դեմ իրագործված ցեղասպանությունը, ինչպես նաև մերժել ու դատապարտել են ցեղասպանության իրողությունն անտեսողներին և ժխտողներին:

Առաջարկության նախաձեռնությունը պատկանում է համագումարի գլխավոր զեկուցողներից՝ ավստրալացի փաստաբան Արիել Զոհարին:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ արձագանքելով միության քայլին՝ տեղի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը շնորհակալություն է հայտնել Արիել Զոհարին և միության բոլոր անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող նման որոշում ընդունելու համար:

Ըստ Գայսերյանի՝ միության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատգամ-ուղերձ է Իսրայելի, Ավստրալիայի և այլ երկրների դիվանագետներին, որ, անկախ հանգամանքներից ու դիվանագիտական շահերից, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է կարևորել ու վեր դասել ամեն ինչից:

Scroll Up