Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քուվեյթի Ազգային վարչության ատենապետ Մունիր Դարբինյանին և նրա դստերը՝ «Դուդուկ» տուրիստական ընկերության տնօրեն Արշո Դարբինյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց համայնքի համախմբվածությունն ու ակտիվ մասնակցությունը Սփյուռքի նախարարության ծրագրերին:  «Քուվեյթի հայ համայնքը Սփյուռքի ամենակուռ և կազմակերպված համայնքներից է», – ընդգծեց նախարարը և համայնքի ղեկավարին հրավիրեց մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանում կայանալիք «Ճարտարապետների և ճարտարագետների համահակական 4-րդ համաժողովին»: Նախարարը նշեց նաև, որ պետք է աշխատել Քուվեյթի Պետությունում Ճարտարապետների և ճարտարագետների ակումբ ստեղծելու ուղղությամբ:

Նախարարը հետաքրքրվեց նաև տուրիստական ընկերության գործունեությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ընկերությանը՝ համագործակցել ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի պատասխանատու կառույցների հետ:

Արշո Դարբինյանը ներկայացրեց ՀՀ-ում զբոսաշրջության ուղղությամբ իրականացվող աշխատանքները և «Դուդուկ» տուրիստական ընկերության ծրագրերն ու հեռանկարները:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց հյուրերի Ամանորն ու Սորբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի առողջության, անձնական  հաջողությունների և ձեռքբերումների տարի:

Scroll Up