«Ես մշակույթի զինվոր եմ, ընտրել եմ պայքարի ուղին» Նազո Ջիմբաշյան

Մի քանի օր, և պատմության գիրկը կանցնի 2017 թվականը…Թերթում եմ այս տարվա իմ աշխատանքային օրերը և միաժամանակ զգում, որ ինչքա՜ն բան մնաց, որ չհասցրեցի անել…

Հանդիպումների առումով, կարող եմ ասել, ամենուր բավականին հետաքրքիր էր, մանավանդ՝ Ֆրանսիայի հայաշատ Վալանս քաղաքում, ուր հյուրընկալվեցի նոյեմբերի 17-ին:

Հայկական «Radio A» -ում հարցազրույց, հանդիպում համայնքի հետ, ջերմ ընդունելություն եկեղեցում, հյուրասիրություն…

Այս ամենը կազմակերպել էր Վալանսի մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանը:

Նազո  Ջինբաշյանի հետ իր կյանքի, աշխատանքային գործունեության մասին է իմ զրույցը, որը նույնպես մի բաց նամակ է բոլոր նրանց համար, ովքեր, ապրելով հայրենիքից հեռու, ջանում են ինչ–որ բան անել՝ օտար երկրում հային հայ պահելու համար։

 -Պարո՛ն  Ջինբաշյան, ինչու՞ Ձեր ընտանիքը ընտրեց Ֆրանսիան:

-Հայրիկիս ուսումը ֆրանսերեն էր, բացի այդ՝ մեր ընտանիքն էլ էր արժանացել Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի ճակատագրին. սկզբում հաստատվել էր Ֆրանսիայում, այնուհետև ՝տեղափոխվել Լիբանան:

Մայրական կողմս Ադանայից է. սկզբում հաստատվել են Հունաստանում, սակայն չհարմարվելով այնտեղ՝ տեղափոխվել են Լիբանան:

Հայրական կողմս Ֆընդըջաքից է, որը հայտնի է 1915 թ. իր հերոսական պայքարով:

Իմ նախահայրերը  Հայոց ցեղասպանության զոհեր չեն, նրանք չէին ուզում տեղահանվել, նրանք պայքարի մարտիկներ էին ու նահատակվել են՝ զենքը ձեռքներին։ Իմ պայքարելու ուժը ժառանգել եմ հե՛նց նախահայրերիցս։

Հայրս` Վարուժան Ջինբաշյանը, մանկավարժ էր, Բուրջ Համուտի «40 մանկանց» վարժարանում 20 տարի հայոց պատմություն է դասավանդել և միաժամանակ չորս տարի Բուրջ Համուտի համազգայինի ատենապետն էր:

– Փաստորեն, պատահական չէ, որ այսօր Ձեր աշխատանքին զուգահեռ՝ զբաղված եք հայ մշակույթի պահպանման ու տարածման հայրենանվեր գործունուեությամբ:

Կուզենայի իմանալ, որքանո՞վ է Ձեզ հաջողվում Վալանսում հայ համայնքը համախմբել մշակույթի տանը։

– Գիտեք, անկեղծ պետք է ասեմ, որ մարդկանց համախմբելը դժվար աշխատանք է: Ամեն  առիթով՝ լինի որևէ նշանավոր անձի հետ հանդիպում, համերգ և այլն, նույն դեմքերը կտեսնենք, սա ինձ համար մտահոգիչ է, որովհետև Հայաստանից նոր եկած ընտանիքներ կան, որոնք իրենց հեռու են պահում հայկական միջավայրից:

– Իմ կարծիքով, սա ցավոտ հարց է, պետք է հանդիպել, զրուցել, հասկանալ իրավիճակը, նրանց էլ համախմբել Ձեր ծրագրերում, համամի՞տ եք…

– Անշու՛շտ. կան մարդիկ, ովքեր իրենց հայրենասիրական մղումներով, կամովի համախմբվել են մեր շուրջը` Սուսան Փահլևանյանը, Արմինե Ռաստկելենյանը և մի քանի խելացի երիտասարդներ, բայց ես դա բավարար չեմ համարում. ինչպես Դուք էլ նշեցիք, աշխատանք ենք տանում, որպեսզի նրանք այս օտար երկրում իրենց միայնակ չզգան:

Այս առումով մեծ դեր ունի Հայ առաքելական եկեղեցին:

Ընդհանուր առմամբ, Վալանսում հային հայ պահողը  Սուրբ Սահակ Հայ առաքելական եկեղեցին է, Հայ բարեգործական միությունը և Հայ մշակույթի տունը:

Կարող եմ ասել, որ Հայ մշակույթի տունն է, որ առավել աշխույժ է…

– Ի դեպ, երբ նոյեմբերի 18-ին, Ձեր ուղեկցությամբ հանդիպեցի եկեղեցու շաբաթօրյա դպրոցի աշակերտների հետ, մինչև հիմա ցնցված եմ. աննկարագրելի երևույթ էր: Անվերապահորեն կարող եմ ասել, որ ոչ մի համայնքում նման արդյունք չկա. 150 աշակերտ կարդում, գրում, արտասանում են անաղարտ հայերենով…

Այս ամենի արդյունքը նաև համայնքի հոգևոր հովիվ Տեր Անդրանիկ քահանա Մալջյանի հոգածությունն է, ուսուցիչների անմնացորդ նվիրումը, ջանքը, եռանդը և ամենակարևորը` պատասխանատվությունն այս սուրբ առաքելության հանդեպ:

  -Կուզենայի խոսեիք վերջերս հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վահան սրբազանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Ֆրանսիա կատարած այցի մասին, որի շրջանակներում եղել է նաև Ձեր համայնքում:

 – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23 –ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև Վալանսի հայ համայնքի հետ: Այցելել է մեր մշակույթի տուն, մասնակցել «RADIO A»- ի 35 –ամյա հոբելյանին: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմդեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը: Իմ ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել Վալանսի հայ մշակույթի տան վարչության անդամ, ՀՅԴ «Քրիստափոր» ենթակոմիտեի հերթապահ Սուսան Փահլևանյանը, լրագրող, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը :

Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ իրենց հոգատար վերաբերմունքի համար՝ կարևորելով հայ-ֆրանսիական երկկողմ բարեկամությունը:

Նոյեմբերի 25- ին ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանի ներկայությամբ նշվեց Վալանսի Ս.Սահակ եկեղեցու խորանի օծման 25-րդ ամյակը. հրավիրրված էին բարձրաստիճան հյուրեր, ովքեր ավելի տոնական դարձրին պաշտոնական ճաշկերույթը:

Եկեղեցու «Դավիթյան» վարժարանի ուսուցչուհիները նախարարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, դպրոցի տեսուչ Տեր Անդրանիկ քահանա Մալջյանը պարգևատրվեց «Մայրենի լեզվի պաշտպան» շքանշանով:

Ս. Սահակ եկեղեցու 5 թեմական ծառայող արժանացան «Վարդան Մամիկոնյան» շքանշանի՝ ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Վահան եպս. Հովհաննիսյանի։

Ամենից կարևորն այն հանգամանքն է, որ խոսվեց Վալանսում հիմնարար դպրոց կառուցելու մասին։

– Նոյեմբեր ամսին ֆրանսիայում մշակութային եռուզեռ էր. ինչպե՞ս անցավ «Արցախի օրեր» փառատոնը:

-Այո, «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում նոյեմբերի վերջին Դրոմդեպարտամենտի Վալանս և Բուր լե Վալանս քաղաքներում ներկայացվեցին Արցախի մշակույթն  ու կոլորիտը:

Դեկտեմբերի սկզբին ցուցադրվեց ֆրանսիացի հայազգի ռեժիսոր Առնո Խալաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմը: Տեղի ունեցավ նաև ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Տրավերի «Արցախ. երկրամասի հոգին» ցուցահանդեսի բացումը, որը տևեց 15 օր: Ցուցադրվեց նաև Գյուլե Քեշիշյանի «Արցախը` 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը:

Բուր լե Վալանս քաղաքի ամանորյա տոնավաճառի արցախյան տաղավարներում ցուցադրվել են Արցախի մասին տեղեկատվական ուղեցույցներ, ինչպես նաև՝ Արցախում պատրաստված հուշանվերներ:

Ամենից կարևոր հանգամանքն այն է, որ դպրոցական ծրագրում նախատեսել էին Արցախի օրերը, և դպրոցականները, այցելելով տաղավարներ, ծանոթացել են Արցախի մշակույթին:

– Համայնքում Հայ մշակույթի տան հայապահպան գործունեությունը շատ կարևոր է. Դուք, որպես ատենապետ, ինչպիսի՞ ծրագրեր եք կյանքի կոչել և ի՞նչ խնդիրներ ունեք:

-Արդեն 5 տարի է, որ ստանձնել եմ այս պատասխանստու աշխատանքը:

Իմ նպատակն է, որ մշակույթի տունը դառնա յուրաքանչյուր հայի օջախ, հայրական տուն՝ իր ավանդույթներով, իր դարավոր մշակույթով, հերոսական անցյալով և իր պայծառ ապագայով: Այս առումով, առաջին հերթին, նախաձեռնեցի վերանորոգման աշխատանքներ, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ լինի մեր բոլորի տունը :

Ճիշտ է, նյութական դժվարություններ կան, բայց աշխատում ենք հնարավորինս քիչ ծախսերով ավարտին հասցնել վերանորոգումը։       Բազում ծրագրեր ունենք և եթե կարողանանք իրագործել դրանք, ուծացման վտանգից ետ կպահենք մեր զավակներին:

– Հայ մշակույթի տունն ունի՞ հայկական միօրյա դպրոց:

-Անշու՛շտ. 60 աշակերտ ունենք, ժամը 14 –ից 19-ը մշակույթի տան դռներն ամեն օր բաց են: Մեր աշակերտները հաճախում են չորեքշաբթի օրերին: Ունենք շախմատի և պարի խմբակներ, մշակույթի արվեստանոց, ուր, արձակուրդի օրերին, հաճախում են 5–ից 12 տարեկան երեխաներ: Ունենք հարուստ գրադարան, ամեն ոք կարող է գալ և զբաղվել ընթերցանությամբ:

-Այս հինգ տարիների ընթացքում ինչպիսի՞ ծրագրեր եք իրագործել:

– Անկեղծ ասած, երբ ինձ առաջարկել էին ստանձնելու ատենապետի լիազորությունները, գիտակցելով պատասխանատվության ծանրությունը՝ երկար մտածելուց հետո միայն համաձայնեցի:

Դուք ճիշտ որոշում եք կայացրել, ասեմ ավելին ՝ Դուք ճիշտ տեղում եք հայտնվել: Առիթ է, և ես ուզում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել Վալանսի հայ համայնքին՝ հանձին Ձեզ ու Սուսան Փահլևանյանի՝ նոյեմբերի 17 –ին ինձ հետ կայացած հրաշալի երեկոյի համար:

 – Ինձ համար մշակույթի տան ատենապետ լինելը պայքար է, ես մշակույթի զինվոր եմ, իմ հնարավորություններն ուզում եմ ներդնել իմ ազգի, հայ համայնքի համար. ներքուստ հպարտ եմ, որ զենքը ձեռքիս սպայի զգացողություն ունեմ, որովհետև Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր՝ փորձում են խեղաթյուրել մեր մշակույթը: Աշխատում եմ՝ հնարավորինս օտարներին հասու դարձնել հայի մտավոր ներուժը, ստեղծագործական աշխարհը, ծանոթացնել մեր հոգևոր հարուստ ժառանգությանը: Հայրս ու նախահայրերս ճակատամարտի զոհեր են, ես նրանց ժառանգորդն եմ…Իմ նախնիներից Մելքոն Ջինբաշյանը 1948 թ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ֆընդըջաքի մասին գիրք է հրատարակել, ուր մանրամասնորեն նկարագրել է մեր ընտանիքի հերոսական պայքարը. այդ պայքարն անընդհատ գիտակցությանս մեջ է:

 Ո՞րն է Ձեր կյանքի ամենից կարևոր պայմանը:

-Լիարժեք կյանքի համար երեք պայման կա՝ առողջություն, սեր և աշխատանք. եթե այս երեքից մեկը մարդու կյանքից բացակայի, մարդը չի կարող առաջ շարժվել:

-Դուք երեք զավակ ունեք. ո՞րն է Ձեր ամուր ընտանիքի կայացման գաղտնիքը:

Փոխվստահությունն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, կինս՝ Ռոզի Օհանյանն, ամուր սյուն դարձավ իմ կողքին, մենք միասին կարողացանք մեր երեք զավակներին՝ Դավիթին, Ռաֆայելին և Սարային ազնիվ ու հայրենասեր հայեր մեծացնել.  իմ աշխատանքային գործունեությանը զուգահեռ, թերևս, սա՛ է օտար երկրում մեր նվաճումներից մեկը։

-Խոսենք Ձեր կատարած աշխատանքների և հետագա ծրագրերի մասին։

– Ամենից հիշարժանը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներն էին։

 Կարևորն այն է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրեցինք Վալանսի կենտրոնական թաղամասերից մեկում։ Որպես խորհրդանիշ՝ 100 հոգու անուն գրվեց, ովքեր տեղահանությունից հետո բնակություն էին հաստատել Վալանսում։

Հուշակոթողի շուրջը տնկեցինք 100 հատ ձիթենու ծառ։

– Ինչպես ասացիք, վերջերս նշվեց Վալանսի «RADIO -A» հայկական ձայնասփյուռի հիմնադրման 35-ամյակը:

Այս տարիների ընթացքում ռադիոն ինչպիսի՞ դեր է կատարել համայնքի հայապահպանման գործում:

 – Ռադիոն համայնքում շատ կարևոր դեր ունի: Նախ՝ օրվա լուրերով մարդիկ տեղեկանում են Հայաստանում և Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, հեռարձակվում են նաև հայապապան ծրագրեր:

– Առաջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:

 – Միշտ երազել ենք ընտանիքով գնալ, տեսնել մեր Հայրենիքը, սակայն հանգամանքների բերումով չէր ստացվում:

2015 թվականին առաջին անգամ իմ աչքերով տեսա Հայաստան աշխարհս. ընտանիքով էինք այցելել Հայրենիք. կինս ու զավակներս հիացած էին:

Հայրս, լինելով պատմության ուսոցիչ, ինձ պատմել էր մեր երկրի ճարտարապետական արժեքների մասին: Այցելեցինք տեսարժան շատ վայրեր՝ Սարդարապատ, Էջմիածին, Զվարթնոց, Ծիծեռնակաբերդ …

Հանդիպում ունեցա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, երկրորդ անգամ 2016 –ին եղա Հայաստանում, դարձյալ այցելեցի Սփյուռքի նախարարություն, ուր մեզ անհրաժեշտ դասագրքեր նվիրեցին, որի համար շատ շնորհակալ եմ. 20 կգ. գիրք բերեցի մեր աշակերտների համար։

-Ինչպիսի՞ն տեսաք Ձեր երազած Հայաստանը:

-Ես Հայաստանը տեսա մեծ ու հզոր: Տեղ-տեղ ուրախ էի, երբեմն՝ շատ հուզված…

Մարդկանց հետ շփումներից հասկացա, որ մի մասը նյութական դժվարություններ ունեն, մանավանդ՝ շրջաններում։

Ինձ համար ցավ է, որ շատերը չեն ըմբռնում, թե 25 տարվա անկախ երկիր ենք, երկրաշարժ ենք տեսել, պատերազմի ու շրջափակման մեջ ենք…կլինե՛ն դժվարություններ:

Ավելի անկեղծ լինելու համար պետք է բարձրաձայնեմ, որ շատ երկրներում եմ եղել. ոչ մի տեղ մարդու կյանքն այնքան ապահով չէ, որքան՝ Հայաստանում։

Շատերը դժգոհում են, թե տաքսու վարորդներն ավել դրամ են վերցնում, սրճարաններում մանր դրամը չեն տալիս, զբոսաշրջիկներից փորձում են մի քիչ ավել դրամ շահել…Առիթ է, և ես կուզենայի ասել, որ բոլոր երկրներում էլ  այդպիսի խնդրիներ կան: Ոչ մի տեղ ամեն ինչ կատարյալ չէ:

Հայաստանում մեր եղբայրներն ու քույրերն են, եթե կարիքից դրդված են այդպիսի կեցվածք ընդունում, կարծում եմ՝ դա առիթ չպետք է հանդիսանա ասելու՝ Ես Հայաստան ոտք չեմ դնելու։ Մենք մեր երկիրը պետք է սիրենք իր թերություններով հանդերձ, ինչպես՝ մեր ծնողներին ու երեխաներին։

 Կարևոր է, որ մենք ուր էլ լինենք, ճակատագիրն ինչ էլ մեզ բաժին հանի, պետք է պահպանենք մեր լեզուն ու հավատը, մեր ազգային արժեքները:

Թո՛ղ այս նոր տարին աշխարհին բերի խաղաղություն։

Թո՛ղ ոչ մի մայր զինվորի մահ չտեսնի։

Թո՛ղ հզորանա Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնությունը։

Անժելա Սահակյան, ֆրանսիա, Փարիզի հայկական «ԱՅԲ FM» ռադիոյի լրագրող, արձակագիր

  

 

 

 

Scroll Up