Հայրենադարձ Դավթյանների առաջին Ամանորը Հայաստանում

Եվս մի քանի օր, և պատմության գիրկը կանցնի 2017 թվականը: Մարդիկ նախատոնական եռուզեռի մեջ են. գնումներ են կատարում, բնակարանը զարդարում՝ միաժամանակ մտովի ամփոփելով անցած տարում ունեցած ձեռքբերումները:

Երեք ամիս առաջ Իրանից ընտանիքի հետ Հայաստան վերադարձած Էդմոն Դավթյանի համար 2017 թվականն առավել քան հիշարժան է լինելու, քանի որ նրանք այս ուրախալի տոներն առաջին անգամ են նշելու  Հայրենիքում:

Այդ առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է հայրենադարձ ընտանիքի պատմությունը:

-Չենք մոռացել Թեհրանից բերել նաև մեր տոնածառը

-Աննկարագրելի է՝ Հայաստանում առաջին անգամ ընտանիքով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու մեր հուզմունքը, սրտի թրթիռով ենք սպասում այն պահին, երբ ժամացույցի տասներկու զարկերի ներքո, հրաժեշտ տալով հին տարուն, հավաքվելու ենք տոնական սեղանի շուրջ՝ դիմավորելու 2018 թվականը:

Համոզված ենք, որ Հայրենիքում մեզ համար սկսվելու է մի նոր կյանք և, անշուշտ, հաջողություններ ենք ունենալու: Չենք մոռացել Թեհրանից բերել նաև մեր տոնածառը, որն արդեն զարդարել են երեխաներս՝ տասներկուամյա Նարոտը և ութամյա Տարոնը:

Պահպանելու ենք Ամանորի հետ կապված թեհրանահայերի ավանդույթները.կինս տոնական ուտեստներն է պատրաստելու, ինչպես օրինակ՝ քուքուն (հավկիթից և կանաչեղենից պատրաստված պարսկական ուտեստ) և հայկական ղափամա: Այդ օրերին այցելելու ենք մեր հարազատներին ու ընկերներին, նաև զբոսնելու ենք Երևանում՝ վայելելու քաղաքի տոնական շունչը:

-Հայրենադարձվելու գաղափարը միշտ պտտվել է գլխումս

-Ծնվել եմ Քուվեյթում, միջնակարգ կրթություն եմ ստացել այնտեղ: Հետագայում վերադարձել եմ Նոր Ջուղա, ապա   ՝ տեղափոխվել Թեհրան:

Եղել եմ Թեհրանի հայ միության վարչության, Թեհրանի տեղական խորհրդի և «Նաիրի» հայ մարզամշակութային միության վարչության անդամ, ազգապահպան աշխատանքներ եմ կատարել նաև «Զեյթուն» հայկական թաղամասում:

Պատանի հասակից Հայաստանի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Հայրենադարձվելու գաղափարը միշտ պտտվել է գլխումս, և հիմա անչափ ուրախ եմ, որ որոշումս իրականություն է դարձել:

2003 թվականից ամեն ամռան Հայաստան եմ եկել: Աշխատանքի և ճամփորդության բերումով շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստան գալուն բոլորովին այլ զգացողությամբ եմ սպասել՝ հայացքս դեպի Հայրենիք ուղղված: Լավատես եմ, հավատում եմ Հայաստանի առավել հզորացմանը:  Այս նկատառումից ելնելով՝ որոշեցինք գալ՝ նպաստելու մեր երկրի առաջընթացին:

Երբ նոր էի եկել, Հայաստանում արդեն շատ ընկերներ էի ձեռք բերել, շուրջս ամեն բան հարազատ էր թվում, որն առավել հեշտացրեց ինտեգրվելու գործընթացը: Այստեղ մեզ հանգիստ ու ապահով ենք զգում, հանգամանք, որն ուրիշ երկրներում դժվար է գտնել: Պետք է սիրենք մեր երկիրը՝ դրական և բացասական երևույթներով հանդերձ: Երեխաներս Հայաստանում իրենց շատ լավ են զգում, դպրոց են հաճախում: Ի դեպ, հեշտ մտերմացան դասընկերների հետ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ: Այս ոլորտում գերմանական ընկերությունում աշխատելու 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Հուսով եմ՝ Հայաստանում շուտով կկարողանամ իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել՝ ուժերիս և հնարավորություններիս չափով նպաստելով ՏՏ ոլորտի զարգացմանը: Չեմ վհատվում, ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի:

-2018-ը թո՛ղ լինի միասնության տարի

-Հայաստանը պետք է լինի համայն հայության կենտրոնը, մեր վերջին, միակ հանգրվանը և այն հավաքատեղին, որտեղ պետք է արարենք ու աշխատենք ազգովի: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ  Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր ինքնության երաշխիքը:  Կարծում եմ, որ համայն հայության ներուժը կօգնի մեր Հայրենիքի առավել զորացմանը, և մաղթում եմ, որ 2018-ը լինի միասնության, համախմբման տարի, որ հայրենադարձությունը դառնա Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի նպատակը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up