Նշանավոր հայերն՝ Օսմանյան կայսրությունում

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, հայերն իրենց ի վերուստ տրված արարման շնորհով, կյանքի  գրեթե բոլոր ոլորտներում թողել են  հայկական ուրույն ձեռագիրը. մեծ է հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, հատկապես՝ ճարտարապետության բնագավառում, որի վառ ապացույցը Պալյանների (Բալյաններ)  ճարտարապետական հայտնի ընտանիքն է: Նրանք

կերտել են Ստամբուլի տեսանելի հորիզոնը, հատկապես Բոսֆորի ափը՝ կառուցելով պալատներ, դղյակներ, զինանոցներ ու մզկիթներ։ Չնայած, որպես արքունի ճարտարապետներ, Օսմանյան կայսրությունում նրանց վայելած հարգանքին ու պատվին՝ նրանց հայկական ինքնությունը ժխտվում էր Թուրքիայի Հանրապետության կողմից, և մինչ 2000-ական թթ. սկիզբը պաշտոնական տուրիստական ուղեցույցներում նրանք ներկայացվում էին որպես իտալացի Բալյանիներ։

Բալյան ընտանիքից էլ ավելի հայտնի ճարտարապետ է եղել 16-րդ դարում ապրած Միմար Սինանը (1489-1588), ով իր հետքն է թողել Օսմանյան կայսրության ողջ տարածքում։ Նա կառուցել է 92 մզկիթ, 55 դպրոց, 36 պալատ, 48 բաղնիք (համամ), 3 հիվանդանոց, 20 խան, 10 կամուրջ, 6 ջրանցք և հարյուրավոր այլ պետական շենքեր։ Նրա գլուխգործոցներն են Ստամբուլում գտնվող Սուլեյմանիե մզկիթը և Սելիմիե մզկիթն՝ Էդիրնեում (Ադրիանապոլիս-Ակունքի խմբ.). երկուսն էլ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Շարքային թուրքը Միմար Սինանին գիտի որպես «Մեծագույն թուրք ճարտարապետ Սինան», և նրա անունով են կոչվում  արվեստի ու ճարտարապետության համալսարաններ: Բայց քչերին է հայտնի, որ նա հայ է՝ Կայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբ.) շրջանի Ագիրնաս գյուղից, որ նրան խլել են իր ծնողներից, իսլամացրել, թլպատել, մեծացրել որպես զինվոր, իսկ հետագայում նա դարձել է ճարտարապետ: Նա վախճանվել է բավականին պատկառելի տարիքում՝ 99 տարեկանում և նրան թաղել են Սուլեյմանիե մզկիթի մոտ:

1930-ական թթ., երբ նախագահ Մուստաֆա Քեմալը որոշել է, որ ժամանակն է անցում կատարել լատինական այբուբենին և արդիականացնել թուրքերենը, նա դիմել է հայտնի լեզվաբան, պրոֆեսոր Հակոբ Մարթայանին և նրան առաջարկել ղեկավարել Թուրքիայի լեզվաբանական խորհուրդը: Թուրքերենին մատուցած ծառայության համար, որպես պարգև, նա ստացել է Դիլաչար անունը, որը բառացի նշանակում է լեզուն բացող (մարդ, ով լեզու է պարգևում): Որպես փոխհատուցում՝ Մարթայանը Քեմալին առաջարկել է «Աթաթուրք» (թուրքերի հայր) մականունը, որը վերջիվերջո ընդունվել է մեջլիսի կողմից:

1979 թ. երբ Մարթայանը մահացավ, թուրքական լրատվական դաշտում նրան ներկայացրեցին որպես Հ. Դիլաչար՝ առանց նշելու նրա հայկական ինքնությունը: Արդյունքում որոշ թերթեր հետագայում աղավաղեցին նրա անունը` նրան անվանելով Ադիլ Աջար:

Մուստաֆա Քեմալի` Աթաթուրք դառնալուց հետո անհրաժեշտ էր նոր ստորագրություն, և նա օգնության է կանչում մեկ այլ հայի` գեղագիրության վարպետ Վահրամ Չերչյանին (Ջերջյան): Չերչյանի կողմից առաջարկված ստորագրությունը հաստատվել է 1934 թ., այն կարելի է տեսնել ամեն ինչի վրա` սկսած թղթադրամներից, վերջացրած պառլամենտական արձանագրություններով: Թուրքիայում այսօր գրեթե ոչ ոք չի ճանաչում Չերչյանին:

1932 թ. թուրքական կառավարությունը հանձնարարում է հայ երաժիշտ ու դիրիժոր Էդգար Մանասին գրել Թուրքիայի ազգային հիմնի երաժշտությունը, որը հիմնված պետք է լիներ թուրքական որևէ մեղեդու վրա: Այսօր Թուքիայում ոչ մեկ չի ճանաչում Էդգար Մանասին` չնայած՝ նրա ստեղծագործությունն ամեն շաբաթ երգում են դպրոցներում, ստադիոններում ու մեջլիսում:

Թուրքական թատրոնի ու կինոյի աստղեր Ադիլ Նաշիթը, Թոթո Քարաջան, Վահի Օզը, Սամի Հազինսեսը և Քենան Փարսը հայտնի են ողջ Թուրքիայով մեկ։ Նրանք տարիներ շարունակ միլիոնավոր մարդկանց ստիպել են լացել ու ծիծաղել: Սակայն քիչ թվով թուրքեր գիտեն, որ այս աստղերը հայեր են: Նրանք բոլորն էլ իրենց պատճառներն են ունեցել՝  ազգային ինքնությունը թաքցնելու համար։ Նրանցից շատերի հայկական ինքնությունը հայտնի է դարձել միայն նրանց մահից հետո: Ադիլ Նաշիթը եղել է Ադիլ Քեսքիները (1930-1987), Թոթո Քարաջան՝ Իրմա Ֆելեգյանն է (1912-1992), Վահի Օզը՝ Վահե Օզինյանն է(1911-1969), Սամի Հազինսեսը ՝Սամվել Հակոբ Ուլուջյանն է (1925-2002) և Քենան Փարսը՝ Կիրակոս Ջեզվեջյանն է (1920-2008):

Թուրքիայում առաջին օպերան բեմադրվել է 1874 թ. Ստամբուլում` մի հայի կողմից, այն կազմակերպել, ղեկավարել ու ներկայացրել է Տիգրան Չուխաջյանը (1837-1898): Թուրքական աղբյուրները ժխտում են այս փաստը և հիշատակում են ավելի ուշ շրջանի թուրք երգիչների անուններ: Իսկ առաջին թատերական ներկայացումը ցուցադրվել է դրանից 6 տարի առաջ` 1868 թ. դարձյալ հայի կողմից, ում անունը Հակոբ Վարդովյան է (1840-1902)։ Նա հայտնի է նաև Գյուլլու Հակոբ կամ Յակուբ անուններով: Օսմանյան կայսրությունը միջազգային ասպարեզում ներկայացնող առաջին մարզիկները եղել են երկու հայեր և մեկ հույն, ովքեր ներկայացրել են կայսրությունը 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած օլիմպիական խաղերում: Այդ հայերը Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանն էին, երկուսն էլ վազորդներ էին: Հայերի դերը Թուրքիայում հասկանալու համար ամենալավ աղբյուրներից մեկը աներևակայելիորեն մանրամասնությամբ գրված և թուրքերենով լույս տեսած «Արևմտահայերը պատմության քառուղիներում» (Tarih boyunca Batı Ermenileri) գրքի հատորներն են։ Այն գրել է պրոֆեսոր Բարսեղ Թուղլաճյանը (1933-2016), ով ավելի շատ հայտնի է Փարս Թուղլաջը անունով:

Թուղլաճյանն առաջին թուրքերեն հանրագիտարանիՕվկիանոսի» հեղինակն է, նաև հեղինակել է մի քանի այլ գրքեր: Այնուամենայնիվ, նրա կյանքի նվաճումն է հայերի պատմության քառահատորյակը, որը հիմնված է հազարավոր՝ մանրակրկիտ կերպով ուսումնասիրված փաստաթղթերի վրա: Ամեն հատորը պարունակում է գրեթե 900 էջ: Ամենադրամատիկ ու Հայոց ցեղասպանության անվիճելի ապացույցները Թուղլաճյանի քառհատորյակի երրորդ հատորում են ընդգրկված (1890-1923), որտեղ առկա են հազարավոր փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս հայերի նվաճումները կայսրության գրեթե բոլոր ոլորտներում, ներառյալ` օսմանյան կառավարության մեջ: Մինչև 1910-ական թթ. կեսերը հայերը հայտնի էին օսմանյան արտաքին քաղաքական ու դիվանագիտական բոլոր ոլորտներում, անփոխարինելի էին պետական ձեռնարկություններում, կենտրոնական բանկում, մեծ ազդեցություն ունեին բիզնեսի, արվեստի, գիտության ոլորտներում ու ակադեմիական շրջանակներում՝ ինչպես Ստամբուլում, այնպես էլ օսմանյան մնացած վիլայեթներում: Այս հայ անունների դրամատիկ անհետացումը հետևանքն է 1915 թ. դեպքերի, այն է `Հայոց ցեղասպանության:

Երբ ես հարցրեցի պրոֆեսոր Թուղլաճյանին, թե ինչպես են Թուրքիայում թույլ տվել, որ նա հրատարակի իր քննադատական գիրքը, նա պարզապես պատասխանեց. «Ես ուղղակի ներկայացրել եմ պետական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս հայերի ձեռքբերումներն ու պարգևները պետական հիերարխիայում, հայերի ձեռքբերումները արվեստի, գիտության և բիզնեսի ոլորտներում, հայկական ձեռնարկությունների ու մշակութային միջոցառումների մասին հայտարարությունները։ Այդ ամենը գոյություն ուներ մինչ  1915 թ., բայց դրանից հետո այլևս չկա: Ո՞վ կարող է առարկել այս ամենի դեմ»:

Հայաստանում ու Սփյուռքում գտնվող բոլոր հայ գիտնականները պետք է  մտածեն պրոֆեսոր Թուղլաճյանի թաքնված գանձը հայերեն ու անգլերեն թարգմանելու շուրջ, որպեսզի ապագա սերունդները ավելի լավ հասկանան, թե մենք ինչ ենք ունեցել, ինչ ենք կորցրել, և երևի ամենակարևորը` ինչու ենք կորցրել:

Akunq.net  Րաֆֆի  Պետրոսյան, ստամբուլահայ, կանադաբնակ

 

Scroll Up