«Ո՛վ, ՀԱՅ, հավատա՛, դու այսօր ավելի ուժեղ ես, քան՝ երբևէ…». Անժելա Սահակյան

Ո՛վ,  հայ, պատմության դարավոր քառուղիներում ճակատագիրդ քեզ տարավ արհավիրքից արհավիրք, փորձեց արիությունդ, կամքդ, ծով համբերությունդ…

Տարբեր ազգերի ասպատակություններից ու ոտնձգություններից, ջարդերից նոսրացար ու մի բուռ դարձար, քո հողին կառչեցիր, քո ժայռաբեկոր հողին,  շարունակեցիր  ի վերուստ տրված շնորհով արարել, շենացնել…

Չընկճեց քեզ ոչինչ, ու չխաթարվեց հոգիդ, ստեղծեցիր քո մշակույթը, լեզուն, ամենուր արժանապատվորեն կրեցիր ՀԱՅ լինելու կոչումդ:

Թշնամիդ գիտակցեց, որ քեզ հաղթել չի լինի և նենգաբար միշտ  հարվածեց թիկունքից, ու նրա թիրախը դարձան անպաշտպան, անզեն մարդիկ, ծերեր ու մանուկներ…

Այս ամենը մնալով անպատասխան՝ դաժանությունը ձևափոխվեց սպանդի:

Դու մի օր արթնացար ու քո աչքերով տեսար անդաստանդ արնաշաղախ, խելակորույս  ու…

Օրեցօր քո հոգում նստվածք տվեցին սպիացած վերքերդ, դու դառնորեն ապրեցիր՝ անիծելով քո բախտը…

Դու հարմարվեցիր, քո հիշողությունը դարձավ տխուր, աներևակայելի պատմություն, սակայն թշնամիդ չքնեց ու չլռեց, ավելին՝ խեղաթյուրեց քո դարավոր պատմությունը, անգամ խաչքարերդ, որոնք լուռ վկաներն են քո ապրած կյանքի…

Ոճրագործությունը կրկնվեց, և Հայոց ցեղասպանությանն ավելացան նորերը՝ Սումգայիթ, Բաքու, Գետաշեն, Շահումյան, Մարաղա…

Ողջ աշխարհը ցնցվեց, դատապարտեց ու հետո … լռեց:

Թշնամիդ նորից գլուխ բարձրացրեց և այս անգամ ավելի նենգաբար, կացնահարեց ու գլխատեց քեզ ՝ քո հանգիստ,  խաղաղ գիշերային քնի մեջ…

Ցասումով, զայրույթով, աղմուկ-աղաղակով կրկին լցվեց Հայոց աշխարհդ, սիրտդ նորից մորմոքեց  ու նորից հիշեցիր քո հին վերքերը…

Պատմությունը կրկնվում  է, նույն ձեռագիրը՝ շարունակվում…

Այսօր էլ հայտնվել ես շրջափակման ու պատերազմի մեջ…

  Սակայն եկել է պատմական նո՛ր հաղթանակներ, նո՛ր վերելքներ կերտելու ժամանակը. թո՛ղ այս նոր տարին գա ու սրբագրի  քո անցյալի բոլոր դառը հիշողությունները: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ. ո՛վ ՀԱՅ, հավատա՛, դու այսօր ավելի ուժեղ ես, քան՝ երբևէ…

Անժելա Սահակյան, ֆրանսիա, Փարիզի հայկական «ԱՅԲ FM» ռադիոյի լրագրող, արձակագիր

 

 

Scroll Up