ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «ՋԱՀ» հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «ՋԱՀ» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանին, հիմնադրամի տնօրեն Արմեն Մկոյանին և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց այն բազմաբևեռ գործունեությունը, որ իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ուղղված Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայության  հասարակական կյանքի տարբեր  ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցության սերտացմանը:

Նա մասնավորապես ասաց «Ջավախքը մեր ամենակազմակերպված, միասնական ու օրինակելի համայնքներից է, որը սերտորեն համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ, ակտիվորեն է մասնակցում մեր բոլոր ծրագրերին ու ձեռնարկներին: Կարծում եմ՝ «ՋԱՀ»-ի ստեղծումը և ջավախահայության սերուցքի ներգրավումը շրջադարձային էին, ոգևորիչ: Այն, որ հիմնադրամի գլխավոր առաքելությունը բազմազավակ ընտանիքներին աջակցելն է, առավել պահանջված, կարևոր է դարձնում ձեր գործունեությունը: Իսկ հայկական պատմամշակութային կոթողների պահպանությանը, ազգային ավանդույթների զարգացմանը, հայ մշակույթի տարածմանն ուղղված ձեր գործունեությունը պարզապես հարգանքի ու ակնածանքի են արժանի»:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի և աջակցության համար՝ Սոս Սահակյանը տարածաշրջանային հակամարտությունների և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում կարևորեց համախմբումը «ՋԱՀ»-ի շուրջը և հույս հայտնեց, որ Սփյուռքը ևս ձեռք կմեկնի՝ լուծելու ջավախահայության առջև ծառացած մարտահրավերները:

Հայաստանում և Ջավախքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ  ծառայությունների, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում մեծ ավանդի համար «ՋԱՀ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար Սոս Սահակյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Նախարարը կարևորեց նաև արվեստագետների, գիտնականների, մտավորականնների սերտ համագործակցությունը հիմնադրամի հետ: Հայ ճարտարապետությունը սփյուռքում զարգացնելու և տարածելու գործում ունեցած մեծ ավանդը և Ջավախքի Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանը նախագծելու համար ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց հյուրերին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթեց խաղաղություն, ուժ ու եռանդ՝ կյանքի կոչելու նոր ազգօգուտ ծրագրեր ու նախաձեռնություններ:  

Scroll Up