Թո՛ղ 2018-ը լինի խաղաղության ու հայրենաշինության տարի

Հարգելի՛  հայրենակիցներ,

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով «Հայերն այսօր»-ն  իր  էջերում պարբերաբար տեղադրում է Սփյուռքի տարբեր երկրներից  Հայաստանին, Արցախ աշխարհին և ՀՀ սփյուռքի նախարարությանը հղված շնորհավորանքներ:

Այսօր ամբողջ  աշխարհը դիմավորում է Ծննդյան տոները, և բոլորի հետ մեկտեղ, իմ հինավուրց հող հայրենին, իր սրբագույն օրրանից՝  Երևանից, Ամանորի իր խոսքն է հղում  առ զորդիս  Հայոց, առ  փափկասուն տիկնայք Հայոց  և առ  մանկունս և առ ամենայն  ոք, ում երակներով հոսում  է Հայկ Նահապետի, Տիգրանի, Արայի և Հայոց  մեծաց  ազնվազարմ արյունը:

 Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, որ ապրում ես  հիմա ի սփյուռս համայն աշխարհի,  քո սիրտը զարկում է  մեր սրտի զարկերի հետ համատեղ,  դու սնունդ ես առնում այն կենարար  հողից,  որը տվել  է Մաշտոց ու Նարեկացի,  Սարյան ու   Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Ազնավուր ու  Սևդա Սևան, Ատոմ Էգոյան ու Սերժ Թանկյան,  Քըրքորյան ու Հովնանյան և այլ արժանահիշատակ հայեր …

 Ժողովու՛րդ իմ Հայոց,  քո հայրենաբաղձ ու հայրենակարոտ  ձեռքը միշտ զորավիգ եղավ իր հայրենիքին, երբեք չվարանեց  իր մասնակցությունը բերելու մեր  վերածնված, ազատ ու անկախ հայրենիքի հայրենաշինությանը, բարգավաճմանն ու  բարեկեցության  բարելավմանը: Դուք Ձեր  հավատի ու լեզվի նկատմամբ անխախտ  ուխտով պայքարեցիք և պայքարում եք, որ թևածի ձեր ընտանիքներում   մեր ոսկեղենիկ հայոց լեզուն: Ձեզ համար հայրենիքը  սեր է, բարություն, միտք, մտածողություն, պատմություն, հուշ, հիշողություն, հանճարներ ու տաղանդներ երկնող  մի դրախտավայր, որտեղ  առավոտ լուսոն  համայն աշխարհի   հայությանը   վաղ լուսաբացին  հղում է իր խոսքը բարության՝ «Երևանն է խոսում»  ու  «բարի լույս» մաղթում համայն աշխարհի հայությանը: Թո՛ղ  խոսի Երևանը՝ միշտ ու հավիտյանս հավիտենից…

     Դուք  մե’ր զավակներն եք, Ձեր  հայանպաստ,   հայրենանվեր ձեռնարկումներով,  բարեգործական   ազնիվ մղումներով, ճկուն ու ստեղծագործ մտքով, անսահման նվիրումով առ Հայաստան աշխարհը՝   դարձել  եք  Հայրենիքի հպարտությունը:  Ձեր բազմաբովանդակ, բազմաշերտ  ու բազմաբնույթ գիտական  աշխատություններն ավելի ու ավելի են  վեր հանում նորանոր անուններ, որոնք միայն փառք ու պատիվ են բերում  մեր ազգին:

Ձեր համայնքներում  գերակայում է հայ միտքը, հայ լեզուն և  անխախտ հավատը մեր քրիստոնեական ավանդների հանդեպ: Եկեղեցին հավատի  սյունն է  համայնքներում, որն իր վրա մեծ պատասխանատվություն  է կրում: Սրա՛նք են հիմնական կռվանները  ազգապահպանման գործում: Դուք առաջնային, գերագույն խնդիր եք  դարձնում հայկական մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին և հայկական կիրակնօրյա դպրոցների բացումը: Դուք  կատարում եք ազգապահպան, հայապահպան լայն գործունեություն:  Ընտանիքը,  որը պետության ամենափոքր հաստատությունն է, վառ է  պահում հայրենիքի բոլոր   ծեսերը,  ավանդույթները, մշակույթի բոլոր տարրերը:

  Արցա՛խ, մեր ցավ ու մեր պարծա՛նք Արցախ, քո կուսական, հուռթի ու շքեղաշուք  բնությունը, որն անձեռակերտ նկար է հիշեցնում, այսօր տնքում է ցավից ու դավից: Դու, որ  պայթած արկի կողքին  խաղողի վազ ես դնում ու վարդի թուփ, դո՛ւ, որ մի գիշերում տղեկներին  Առյուծ Մհեր ես դարձնում, դո՛ւ , որ նրանց իմացյալ  մահվան ես տանում՝ հանուն  սրբագույն հողի, ջրի, մոր,  զավակի,   դեռ հարսնաքողը գլխից չհանած  խոնարհ հարսն ու աղջիկների,  դո՛ւ, որ քո հողի հետ միասին ցավից տնքում ես, բայց չես ծնկում, դու ուխտ ունես:  Դու աշխարհի խիղճն ես, քեզ անմահներն են հրամայում ոչ միայն չծնկել, այլև՝ չընկնել, դու մի պատգամ ես ժառանգել ֆիդայական՝ «Ով  զարկվի, դավաճան է»,  և  զարկվեցիր  միայն, երբ կուրծքդ դեմ  տվեցիր վիրավոր ընկերոջդ կամ հրամանատարիդ փրկելիս: Դու պիտի՛ ապրես քո հերոսացած հողում:  Դու  դեռ պիտի քո հերոսական ու հաղթական  պա՛րը պարես, երկնես ու արարես՝ ինչպես վայել  է անվախ ու հերոս արցախցուն:

Ապրի՛ր Արցախ, որ դիմավորես արդեն  ապրելու’  ապրիլը, որ աշխարհին  ավետես  ու հաստատես քո ապրելո՛ւ իրավունքը՝  հենց  քո’  նախնյաց հողում:  Իսկ եթե նորից  ելնի թշնամին, դու արդեն գիտես  քո բազկի ուժը և ունես պատասխանը.  «Դուք հողմերի պես կոռնա’ք վայրագ»:

 Մայրե՛ր Հայոց աշխարհի, օրորոցային այդ ո՞ր երգով մեծացրեցիք ձեր զավակներին, իհարկե՝ քաջության, նվիրումի, հայրենասիրության՝ «Բազեն, որ եկավ, որդիս լռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ»:  Թո՛ղ այժմ  և միշտ միայն խաղաղության,  հայրենաշինության, սիրո ու ծննդյան տաղեր հնչեն  ձեր հաղթական կամարների տակ:   Մեր խոնարհումը  Ձեզ:

Սփյուռքի նախարարությունն ի դեմս  մեր նվիրյալ, միշտ  հայի հոգսերով, ուրախություններով ու ողբերգական իրադարձություններով  ապրող  նախարարի՝  Հրանուշ Հակոբյանի,  գիշեր լինի, թե՝ ցերեկ, սիրելի՛ հայրենակիցներ,  մեր  կողքին է:   Սփյուռքի նախարարությունն  ունի լուրջ առաջարկությունների, ծրագրերի,  հետագա անելիքների  բավականին ծավալուն և  նպատակային  փաթեթ, որն իրագործելու համար աշխատում  են  արհեստավարժ  մասնագետներ, որոնց բոլորին մաղթում եմ աշխատանքային ու անձնական նորանոր հաջողություններ ՝2018-ին:

 Ամեն տարի մեր հայրենակիցներից շատերը  Հայաստան են գալիս աշխարհի բոլոր ծայրերից և  վստահեցնում, որ  վերադառնալո՛ւ են, անպատճառ  տո՛ւն են  գալու՝ շենացնելու և’ իրենց երկիրը , և’ իրենց  հայրենական  օջախը: Մնում է  միայն ասել. « Արի՛, որդյակ, հայրենի տունդ շենցուր…»: Այժմ թող քարավանները քայլեն դեպի նոր, ազատ, անկախ ու վերածնված հայրենիք՝ Հայաստան:

Տո՛ւն արի, քո՛ւյր, եղբա՛յր,  հա՛յր, մա՛յր, ընկե՛ր, քեզ  սպասում է քո  Հայրենիքը՝ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

 ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,   ԹԱՆԿԱԳԻ՛Ն  ՀԱՅԵՐ

 Ջավահիր Մխիթարյան, քաղաք Օդեսա, «Նռնենի» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի

Scroll Up