«Բեյրութի Հայկազյան համալսարանի համար 2017 թվականը բեղմնավոր էր».Փոլ Հայդոսթյան

«Հայաստան կատարած քառօրյա այցելությանս օրակարգը հագեցած էր տարբեր միջոցառումների ներկա գտնվելով և պետական հանդիպումներ ունենալով. նախ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին մասնակցեցի, կարևոր էր նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսին մասնակցությունս»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը՝ հավելելով, որ նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, ամփոփվել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի արդյունքները, որին նաև նա է մասնակցել:

Անդրադառնալով կայացած շնորհանդեսին՝ Փոլ Հայդոսթյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը մեկ հարկի տակ այդքան շատ մտավորականներ հավաքելու համար և ասաց՝ մեծապես տպավորվել է կատարված աշխատանքի մասին ներկաների հնչեցրած կարծիքից և տեսակետներից, որոնցից խանդավառվել է: Նրանք մեկ անգամ ևս փաստել են, որ հայագիտական հանդեսը հայապահպանության և Հայաստան-Սփյուռք համագործակցության միասնության կամուրջն է:

Փոլ Հայդոսթյանն իր խոսքում ընդգծեց, որ այս համարում ամենածանրակշիռ և կարևոր շեշտադրումն ինքնության խնդիրների վերաբերյալ անդրադարձն է, ընդգրկված են նաև գրականության, պատմության, հայոց լեզվին, ցեղասպանագիտության հարցերին առնչվող հոդվածներ:

«Հայագիտության ոլորտը մենք մի քանի մասով չենք կարող սահմանել, լավ գիտենք, որ այսօր հայագիտությունը մարտահրավերներով հանդերձ բազմաշերտ է, հրատապ հարցերը՝ շատ, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրել: Հայաստանում շատերն են հետաքրքրված Հայագիտական հանդեսով և ուզում են իրենց աշխատանքներն այնտեղ հրատարակել: Հայագիտական հանդեսի ընթերցողներն արդեն գիտեն, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունն այլևս իրականություն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայկազյան համալսարանի նախագահը, ամփոփելով 2017 թվականի կատարած աշխատանքները, նշեց, որ համալսարանի 63-րդ տարեշրջանը արդյունավետ ու բեղմնավոր է եղել, կարևոր ձեռքբերումներից է համարում առաջիկայում ներառական կրթության կիրառումը, որի իրականացման ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում. գիտաժողով է կազմակերպվելու, հանդիպելու է Լիբանանի կրթության նախարարին՝ այս հարցը քննարկելու համար:

Տարին նաև հատկանշական է եղել «Գլուլպենկյան» հիմնադրամի, Հայագիտական հայկական բաժանմունքի և Հայկազյան համալսարանի գործակցությամբ Լիբանանի հայկական դպրոցների 125 ուսուցիչների վերապատրաստումը:

Իսկ արդեն հունվարին, Հայկազյան համալսարանի չորս դասախոս մեկ շաբաթով Ամմանի արաբ-քրիստոնեկան դպրոցի 70 ուսուցիչների համար դասախոսություն են ունենալու, իսկ Փոլ Հայդոսթյանն ամփոփելու է աշխատանքները:

«Հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ մեծագույն մաղթանքս է՝ չմոռանան, որ  ի վերուստ շնորհներով օժտված ժողովուրդ ենք, ունենք հարուստ պատմություն, մշակույթ, անցյալ, հայկական խրոխտ ոգի, որոնք ո´չ միայն պետք է պահպանենք, այլ չհուսահատվենք և առաջ ընթանանք՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման»,-իր խոսքն ամփոփեց Փոլ Հայդոսթյանը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up